Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Միրզոյան

Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության 
առաջնահերթություններից է. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին երկկողմ հանդիպման արդյունքներով հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի հայտարարությունը.

«Հարգելի՛ պարոն Դարչիաշվիլի,

Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ ողջունել իմ գործընկերոջը՝ Իլիա Դարչիաշվիլիին, Վրաստանի արտաքին գործերի նախարարին, ով առաջին պաշտոնական այցով գտնվում է Երևանում, ու ևս մեկ անգամ շնորհավորել և հաջողություն մաղթել նրան Վրաստանի ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ:

Այս տարի մենք նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը հիմնված է դարերի խորքից եկող ընդհանուր արժեքների և պատմական ամուր կապերի վրա, և ուզում եմ փաստել, որ անկախացումից ի վեր Վրաստանի հետ սերտ համագործակցություն ենք ձևավորել գրեթե բոլոր ոլորտներում: Մեր երկրների միջև առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ու բազմոլորտ համագործակցության հետագա խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկն է, ինչն ամրագրված է նաև ՀՀ կառավարության ծրագրում:

Ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղական երկխոսության, երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության բարձր մակարդակ։ Այս մասին են վկայում ամենաբարձր մակարդակներով պարբերական փոխադարձ այցելությունները, քաղաքական, տնտեսական, կոմունիկացիոն, անվտանգության և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցությունը, որի հետագա ընդլայնման և նոր ուղղությունների ուրվագծման շուրջ գործընկերոջս հետ հանգամանալից քննարկումներ ենք ունեցել։

Հայաստանը մեծապես կարևորում է տարածաշրջանի ընդհանուր զարգացման և առաջմղման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը, ինչի հերթական դրսևորումներից է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ստեղծման ուղղությամբ մեր երկրների միջև համագործակցությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք անդրադարձել ենք նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը ու կայունությանը նվիրված հարցերի։ 

Գործընկերոջս հանգամանալից ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Այս համատեքստում ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում: 

Պետք է նշեմ, որ ցավոք շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները: Ադրբեջանը՝ խախտելով միջազգային հումանիտար իրավունքը և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ շարունակում է պատանդառության մեջ պահել  հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Առանձնահատուկ կարևորության  խնդիր է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ինքնության խեղաթյուրումը և ոչնչացումը: Վերջին նման ցավալի օրինակն է Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու պղծումը: Վանդալիզմի այս կրկնվող դեպքերը կանխարգելելու համար, ինչպես և նախկինում, այժմ ևս հրատապ  է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատողական առաքելության այցը տարածաշրջան։

Հարգելի՛ պարոն նախարար,

Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Երևանում։ Համոզված եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև հայ և վրացի ժողովուրդների միջև եղբայրական կապերը ամուր հիմք են ապահովում  համագործակցության առկա ձեռքբերումներն ամրապնդելու և  զարգացնելու համար»: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]