Վերջին մեկ շաբաթվա ընթացքում պատվաստումների ցուցանիշների մի փոքր աճ ունենք. Ավանեսյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պատվաստման առաջին դեղաչափ է ստացել քաղաքացիների 50 տոկոսը, ամբողջական պատվաստում են ստացել մեծահասակ քաղաքացիների 44.1 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ մոտ 50 հազար քաղաքացի ստացել է բուստեր դեղաչափը:
Նրա խոսքով՝ պատվաստումները հիվանդության բեռը նվազեցնելու առումով շատ կարևոր դեր են խաղացել ամբողջ աշխարհում:
«Անկախ սահմանափակումների թուլացումից՝ մենք շարունակելու ենք բոլոր հնարավոր միջոցներով պատվաստումների խթանումը: Դրանք շարունակելու են հասանելի լինել պոլիկլինիկաներում, շարժական կետերում, տնային այցերի ձևով, և ակնկալում ենք, որ քաղաքացիները շարունակելու են պատվաստվել. մենք այդ տենդենցը տեսնում ենք: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում անգամ պատվաստումների ցուցանիշների մի փոքր աճ ունենք»,-ընդգծեց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց չթուլացնել զգոնությունը, քանի որ հենց այսօր Չինաստանում կան քաղաքներ, որոնք ապրում են լոքդաունի պայմաններում, և ոչ ոք չի կարող ասել, թե հաջորդ պահին ինչ տեղի կունենա:
Ընդգծելով պատվաստումային գործընթացի շարունակականության կարևորությունը՝ վարչապետն ասաց, ունենք պատվաստանյութերի լայն ընտրություն և բավականին մեծ պաշարներ: «Մենք արդեն բավականին երկար ժամանակ պատվաստման հնարավորություն բացել ենք նաև օտարերկրյա քաղաքացիների համար»,-հավելեց նա: