Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հավասարակշռված քաղաքականությունը պետք է լինի անկյունաքարային. փորձագետների անդրադարձը ՀՀ վարչապետի ՌԴ այցին

Հավասարակշռված քաղաքականությունը պետք է լինի անկյունաքարային. 
փորձագետների անդրադարձը ՀՀ վարչապետի ՌԴ այցին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՌԴ կատարած այցը, ստորագրված փաստաթղթերը դրական են: Այս բարդ ժամանակաշրջանում դրանք մի կողմից տալիս են անվտանգային հարցերում որոշ երաշխիքներ ստանալու և այդ ուղղությամբ աշխատելու, մյուս կողմից տնտեսական համագործակցությունը ակտիվացնելու հնարավորություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում անցկացված քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը:

«Այցի ընթացքում ստորագրվել են փաստաթղթեր, որոնք հետագա համագործակցության ձևաչափերին են առնչվում, նախանշվում են միջպետական այցեր, տարբեր նախարարությունների միջև համագործակցություն: Այս բարդ աշխարհաքաղաքական պրոցեսների ֆոնին շատ կարևոր է  սթափ իրավիճակը գնահատելը, գործընկերների հետ աշխատելը, որպեսզի նվազեցվեն բոլոր հնարավոր ռիսկերը»,-ասաց Ջոնի Մելիքյանը:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հայտարարությունը հավասարակշռված է: Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում ստանալ փաստաթուղթ, որում մի կողմից  արտացոլվում են այն ուղենիշները, այն թիրախային ուղղությունները, որոնք ՌԴ-ի համար կարևոր են անվտանգային տեսանկյունից, մյուս կողմից տեղ են գտել Հայաստանի համար կարևոր ձևակերպումներ:

«Դանից բացի, այս բարդ իրավիճակում խուսափել են այնպիսի ձևակերպումներից, բովանդակությունից, որը կասոցացվեր, դիցուք, ուկրաինական պատերազմում որևէ դիրքավորման հետ: Բնորոշումս հետևյալն է, այն հավասարակշռված փաստաթուղթ է, որը ներառում է փաստացի բոլոր ոլորտները: Այն աշխատանքային հենք է, որի հիման վրա էլ պետք է կառուցվի հետագա անելիքը»,-ասաց Հակոբ Բադալյանը:   

Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր անկյունաքարերից մեկը պետք է լինի հենց հավասարակշռված քաղաքականությունը: Նման կարծիք հայտնեց «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ դրա քայլերը մենք տեսնում ենք, թեկուզ, Լեռնային Ղարաբաղի կամ հայ-ադրբեջանական հարաբերություններին ուղղված ջանքերում:

«Ներկա աշխարհաքաղաքական մրցավազքի մեջ, Հայաստանի արտաքին քաղաքականության նման քայլը ողջունելի է, փորձել կողմերի հետաքրքրությունները և հայկական շահերի անկյունները հարթեցնել ու մերձեցնել»,-ասաց Արտակ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ պատահական չէ, որ Բրյուսելից հետո տեղի ունեցավ մոսկովյան այցը: Երկու դեպքում էլ գլխավոր շեշտը դրվել էր անվտանգային խնդիրների վրա:

 «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը, ներկայացնելով ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հայտարարության անվտանգային հարցերը, առանձնացրեց 24-րդ կետը, որտեղ առկա էր Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն:  

«Նշվում էր, որ հակամարտությունը կարգավորված չէ, ինչը շատ կարևոր է այն առումով, որ Ադրբեջանը պատերազմից հետո անընդհատ փորձում է պնդել, որ չկա հակամարտություն, գոյություն չունի Լեռնային Ղարաբաղ: Այս խոսքը կարող էր մնար որպես խոսք, եթե միջազգային ներգրավված ակտորների կողմից մենք չլսեինք առնվազն հայտարարություններ, որ արցախյան հիմնախնդիրը կա և այն դեռ կարգավորված չէ: Այստեղ առաջին պլան է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կարծիքը: ՌԴ-ն ոչ միայն համանախագահ երկիր է, բոլորս շատ լավ հասկանում ենք, որ տարածաշրջանում լուրջ ազդեցություն ու ներկայություն ունեցող պետություն է»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]