Հասարակական

Այսօր` ապրիլի 27-ին

4 րոպեի ընթերցում

Այսօր` ապրիլի 27-ին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1992 թ. Հայաստանը դառնում է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ:

-1909 թ. գահընկեց է արվում Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդը:

-1791 թ. ծնվել է Սեմյուել Մորզեն` ամերիկացի նկարիչ եւ գյուտարար (մ. 1872):

-1820 թ. ծնվել է Հերբերտ Սփենսերը՝ անգլ. կենսաբան, սոցիոլոգ, փիլիսոփա (մ. 1903):

-1914 թ. ծնվել է Հովհաննես Շիրազը՝ հայ մեծանուն բանաստեղծ (մ. 1984):

-1965 թ. ծնվել է Տիգրան Սարգսյանը (ազատամարտիկ)՝ Արցախյան պատերազմի հերոս: Արցախյան ազատամարտի զինված պայքարի կազմակերպման հիմնադիր առաջամարտիկներից էր եւ տաղանդավոր ղեկավար, հայ ազգի ռազմահայրենասիրական ոգու բարձրացման, ինքնիշխան պետության եւ ազգային բանակի ստեղծման ջատագովը։ 1990 թ. փետրվարի 15-ին Տիգրան Սարգսյանի համահեղինակությամբ հայտարարվեց հռչակագիր-ծրագիրը, որով սկիզբ դրվեց «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կազմավորմանը։ Իր մարտական օրհնությունը գունդը ստացավ Սիսիանի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ՝ տեր Տիրայր Սահրադյան քահանայի կողմից, իսկ ինքն ընտրվեց գնդի շտաբի պետ, ռազմական խորհրդի անդամ։

1996 թ. ՀՀ անկախության հռչակման 5-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ Արցախի ազատագրման պայքարում ունեցած բացառիկ դերի համար Տիգրան Սարգսի Սարգսյանը հետմահու պարգեւատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով:

-1996 թ. ծնվել է Քյարամ Սլոյանը՝ Հայաստանի զինված ուժերի զինծառայող (զոհվել է 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ, ցուցաբերել հերոսական վարք)։ 2016 թ. մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով։

-1521 թ. մահացել է Ֆեռնան Մագելանը՝ պորտուգալացի բնախույզ (ծնվ. 1480):

-1749 թ. մահացել է Մխիթար Սեբաստացին՝ հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ:

-1915 թ. մահացել է Ալեքսանդր Սկրյաբինը՝ ռուս դաշնակահար եւ կոմպոզիտոր (ծնվ. 1872):

-1965 թ. մահացել է Համո Բեկնազարյանը՝ հայ նշանավոր կինոռեժիսոր (ծնվ. 1892):

-2007 թ. մահացել է Մստիսլավ Ռոստրոպովիչը՝ ռուս թավջութակահար եւ կոմպոզիտոր (ծնվ. 1927):

Հետաքրքիր է իմանալ

Աստղ, երկնային մարմին, որի ներսում կատարվում են միջուկային ռեակցիաներ։ Աստղերը մեծ լուսարձակող գազային միացություններ են (գնդեր), որոնք առաջանում են հիմնականում գազափոշային միացություններից (հիմնականում ջրածնից եւ հելիումից) գրավիտացիոն սեղմումների հետեւանքով։ Աստղի միջուկի ջերմաստիճանը չափվում է միլիոնավոր կելվիններով, իսկ մակերեւույթի ջերմաստիճանը՝ հազարավոր կելվիններով։

Երկրագնդին ամենամոտ գտնվող աստղը Կենտավրոսի Պրոքսիման է, որը գտնվում է Երկիր մոլորակից 4.2 լուսային տարի հեռավորության վրա (4.2 լուս. տարի=39 տրիլիոն կմ = 3.9x1013 կմ)։ Անզեն աչքով երկնքում կարելի է նկատել մոտ 6000 աստղ, 3000-ական ամեն կիսագնդում, որոնք բոլորն էլ գտնվում են մեր գալակտիկայում։ Արեգակը տիպիկ G կարգի դասին պատկանող աստղ է։

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում