Հասարակական

Ազգային արխիվն ու Կինոկենտրոնը կմիավորեն ջանքերը՝ վերականգնելու հայկական հին կինոնկարները

2 րոպեի ընթերցում

Ազգային արխիվն ու Կինոկենտրոնը կմիավորեն ջանքերը՝ վերականգնելու հայկական  հին կինոնկարները

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 26-ին «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանն ու «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով երկու կազմակերպությունների միջև լայն փոխգործակցություն է սահմանվում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ֆիլմերի պահպանման, թվայնացման և հանրահռչակման ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ազգային արխիվից, խոսքն ինչպես խաղարկային (գեղարվեստական), այնպես էլ՝ վավերագրական, անիմացիոն և խրոնիկալ կինոնկարների մասին է:

Հայաստանի ազգային արխիվում՝ Կինոֆոտոֆոնո մասնաճյուղում, պահվում են տասնյակ հազարավոր ֆոտո և տեսաժապավեններ, որոնք այսուհետ կվերականգնվեն և կգործարկվեն համատեղ ջանքերով:

Համաձայն հուշագրի՝ Ազգային արխիվը կինոկենտրոնին է տրամադրում հայկական կինոնկարների ելանյութային ժապավենները՝ թվային վերականգնման և կոմերցիոն ու ոչ կոմերցիոն նպատակներով օգտագործման համար: Պետական հոբելյանական միջոցառումների, միջազգային փառատոնների ներկայացվածության հարցն այսուհետ կորոշվի երկու կողմերի համատեղ գնահատմամբ: Ժապավենների սկանավորումից և վերականգնումից հետո Ազգային արխիվին կվերադարձվեն բնօրինակ և ձայնագրված երկու նոր օրինակներ։ Ազգային արխիվն իր տրամադրած նյութերի հանդեպ սահմանում է պայմանագրային վերահսկողություն՝ միաժամանակ շատ չմիջամտելով ազգային կինոկենտրոնի գործողություններին:

Այսպիսով՝ հուշագրով նոր շունչ է հաղորդվելու տասնամյակներ շարունակ Ազգային արխիվի պահոցներում գտնվող հայկական տեսալսողական ֆիլմերին, հին ժապավեններին և լուսանկարներին: Դրանք հանձնվելու են պրոֆեսիոնալ մշակման՝ դյուրացնելով հայկական կինոնկարների հետագա ներկայացվածությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում