Գեղարքունիքում արմատավորվում է բրոկոլիի մշակությունը
4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «EU4Sevan» ծրագրի «Գեղարքունիքի մարզում նոր մշակաբույսերի ուսուցման, մշակման եւ տարածման փորձի ընդլայնում» ենթածրագրի շրջանակներում արմատավորվում է բրոկոլիի մշակությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագիրն իրականացնող «Համայնքի զարկերակ» ՀԿ նախագահ Արտուշ Խաչատրյանը, ծրագրի մեկնարկը Գեղարքունիքի մարզում տրվել է 2021 թվականին։ Ծրագրի շահառու են դարձել Վարդենիս քաղաքի, Ծովակ, Վարդենիկ, Զոլաքար գյուղերի 30 տնտեսություն։ Յուրաքանչյուր տնտեսություն սածիլում կատարել է 0,07 հեկտար տարածքի վրա։ «Սածիլները, օրգանական բուժանյութերը եւ պարարտանյութերը տրամադրվել են մեր կողմից։ Շահառուներին տվել ենք համապատասխան գիտելիքներ, հմտություն եւ փորձ։ Ընդհանուր առմամբ, բրոկոլի մշակվել է 2,1 հեկտարի վրա, որից ստացվել է 38 տոննա բերք։ Այն իրացվել է ներքին շուկայում։ 1 կիլոգրամը վաճառվել է 400-700 դրամի սահմաններում։ Այս տարի որոշել ենք ծրագրում ընդգրկել 60 ընտանիք եւ փոխել ու ընդլայնել ցանքերի աշխարհագրությունը՝ այն իրականացնելով արդեն Գավառի եւ Սեւանի տարածաշրջաններում։ Որպեսզի ավելի շատ շահառուներ ընդգրկենք ծրագրում, որոշել ենք կրճատել հողամասի չափերը՝ այն 0, 07-ից հասցնելով 0,04 հեկտարի։ Անցած տարվա 60 հազար սածիլի փոխարեն այս տարի արտադրելու եւ տրամադրելու ենք 72 հազար սածիլ, սածիլումը կկատարվի մինչեւ հունիսի սկզբներին։ Յուրաքանչյուր սածիլ ապահովում է մինչեւ 800-1000 գրամ բերքատվություն։ Առհասարակ, այս ծրագրի նպատակն է՝ Գեղարքունիքի մարզում ավանդական մշակաբույսերի փոխարինումը ոչ ավանդական եւ նոր մշակաբույսերով, բարձրացնել հողագործությամբ զբաղվող անհատ գյուղացիների աշխատանքի եկամտաբերությունը հողակտորի օգտագործման ճիշտ պլանավորման միջոցով, տալ նրանց համապատասխան գիտելիքներ, աջակցել բերքի իրացման եւ շուկայավորման, ինչպես նաեւ ստացված փորձի ընդլայնման հարցերում։ Ծրագրի շահառուներից ոմանք, կաղամբի նոր տեսակների աճեցմանը զուգահեռ, կստանան նոր մշակաբույսերի՝ բազուկի, գազարի, դդումի, ծաղկակաղամբի, բատատի սերմեր»,-ներկայացրեց Արտուշ Խաչատրյանը։
Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանության ծրագիրը (EU4Sevan)ֆինանսավորվում է Եվրոպական Միության եւ ԳերմանիայիՏնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության կողմից, իրականացվում է Միջազգային համագործակցության Գերմանական միության (GIZ) կողմից: Ծրագիրը նպատակ ունի՝ բավարարել Սեւանա լճի վերականգնման անմիջական կարիքները՝ միաժամանակ նպաստելով ավելի երկարաժամկետ լուծումներին:
«Ծրագրի խնդիրներից մեկն է՝ բարելավել էկոհամակարգին բարենպաստ եւ ջրապաշտպան հողօգտագործման եւ մշակման պրակտիկաների ներդրման կարողությունները, որի շրջանակում համագործակցում ենք «Համայնքի զարկերակ» Երիտասարդական ՀԿ-ի հետ։ Ծրագրի մեկնարկից անցել է մեկ տարի, եւ արդեն տեսանելի են արդյունքները։ Համոզված ենք, որ այս տարի էլ ծրագրում ընդգրկված նոր շահառուները հստակորեն կկատարեն ծրագրի պահանջները, արդյունավետորեն կհամագործակցեն մեզ հետ, իսկ առաջիկա տարիների ընթացքում Գեղարքունիքում կարմատավորվի ոչ ավանդական ու արժեքավոր մշակաբույսերի արտադրությունը, օրգանիկ գյուղատնտեսությունը, կավելանան հողագործությունից ակնկալվող եկամուտները»,-ներկայացրեց «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանության ծրագրի (EU4Sevan)» Գեղարքունիքի մարզի համակարգող Վարազդատ Սարգսյանը։