Առաջնային օղակի անարդյունավետ աշխատանքը հանգեցնում է հիվանդանոցային օղակի գերծանրաբեռնմանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները օրվա հրամայականն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ ձեռնամուխ է եղել ոլորտի խնդիրների վերհանման լուծման ուղիներ որոնելու աշխատանքներին:
«Երևան քաղաքի առողջության պահպանման առաջնային օղակում (պոլիկլինիկաներ) խնդիրները շատ են, բազմաշերտ և կուտակված: Շատ հաճախ առաջնային օղակի անարդյունավետ աշխատանքը հանգեցնում է հիվանդանոցային օղակի գերծանրաբեռնմանը: Հայտնի փաստ է, որ կանխարգելումը հնարավորություն է տալիս խուսափել հիվանդության ծանր և ցավալի ընթացքից, ինչպես նաև էապես ավելի ծախսարդյունավետ է թե´ քաղաքացու գրպանի, թե´ պետական միջոցների ծախսման տեսանկյունից: Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելուն պես ձեռնամուխ եմ եղել ոլորտի խնդիրների վերհանման, դրանցից ելնելով` առաջնահերթություններ սահմանելու և լուծման ուղիներ որոնելու աշխատանքներին: Հարկ եմ համարում նշել, որ մեր թիմն ունի բավարար քաղաքական կամք, կադրային ներուժ և անհրաժեշտ ֆինանսական գործիքակազմ վերոնշյալ հարցերին հավուր պատշաճի լուծումներ տալու համար»,-նշել է Գևորգ Սիմոնյանը:
Նա տեղեկացրել է, որ այդ թեմայով քննարկումներ են անցկացվում ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի և այլ շահագրգիռ կառույցների հետ: Խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները կներառեն՝ մարդկային ներուժի գնահատում և համապատասխանեցում առկա մարտահրավերներին, բժշկագիտության ժամանակակից մոտեցումների ներդրում առաջնային օղակում, շենքային պայմանների բարելավում, ժամանակակից բժշկական սարքավորումներով և կահույքով հագեցում: Գևորգ Սիմոնյանը տեղեկացրել է, որ այս տարի այս տարի կմեկնարկեն թիվ 5 (Նորք Մարաշ) և թիվ 12 (Ավան) պոլիկլինիկաների հիմնանորոգման աշխատանքները: Շեշտադրվելու են նաև օպտիմալ կառավարմանն ուղղված մի շարք այլ միջոցառումները: Նպատակը մեկն է՝ առողջության առաջնային պահպանման օղակը քաղաքացիների համար դարձնել առավել վստահելի։