Հասարակական

Մեծ Մասրիկ գյուղում ամերիկյան «Փարոս» հիմնադրամի ուժերով բնակություն են հաստատել Արցախից տեղահանված 5 ընտանիք

4 րոպեի ընթերցում

Մեծ Մասրիկ գյուղում ամերիկյան «Փարոս» հիմնադրամի ուժերով բնակություն են հաստատել Արցախից տեղահանված 5 ընտանիք

ԳԱՎԱՌ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Մեծ Մասրիկ գյուղում ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ միջոցներով արդեն բնակություն են հաստատել Արցախից 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմի հետեւանքով տեղահանված բազմազավակ 5 ընտանիք։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Փարոս» հիմնադրամի ծրագրի ղեկավար Գեղամ Մինասյանը, ծրագիրը Մեծ Մասրիկում մեկնարկել է 2021 թվականի ապրիլին, որի հիմնական նպատակն Արցախից տեղահանված ընտանիքներին բնակարանով, ապրուստի միջոցներով եւ աշխատանքով ապահովելն է։ Մեկ տարվա ընթացքում բնակարանով եւ ապրուստի միջոցներով արդեն ապահովված են 5 ընտանիք, իրենց հերթին սպասում են եւս 5-ը, որոնք Մեծ Մասրիկ բնակության կտեղափոխվեն առաջիկա ամիսների ընթացքում, բնակարանների շինարարության ավարտից հետո։

«Մեր հիմնադրամը Մեծ Մասրիկում ընտրել եւ գնել է հիմնականում այն տները, որտեղ ընտանիքներ չեն բնակվել վերջին երեսուն եւ ավել տարիների ընթացքում։ Այս քայլը կատարել ենք, որպեսզի որեւէ կերպ նպաստած չլինենք գյուղի բնակչության արտագաղթին, այլ հակառակը, ավելացնենք բնակչության եւ կենսունակ ընտանիքների թիվը։ Մեր կողմից գնված բնակարանները նորոգվել են հիմքից՝ ջեռուցման ու ջրամատակարարման եւ ջրահեռացման, ինչպես նաեւ էներգամատակարարման համակարգերով, կառուցվել է անասնագոմ, վերաբնակված ընտանիքների համար գնվել են անասուններ ու անասնակեր, միջոցներ են տրամադրվում հողագործությամբ զբաղվելու համար։ Մի խոսքով, արվում է հնարավորը, որպեսզի Արցախից բռնի տեղահանված ընտանիքները ամրանան Մեծ Մասրիկում, ունենան մշտական զբաղմունք ու կայուն եկամուտներ, ինտեգրվեն գյուղական միջավայրին։ Դրա հետ մեկտեղ Մեծ Մասրիկում իրականացնում ենք կրթական ու առողջապահական մինի ծրագրեր, որպեսզի նպաստենք երեխաների առողջության պահպանմանն ու կրթության զարգացմանը։ Դրա համար Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում նորոգում ու կահավորում ենք բուժկետը, երեխաների համար գնել ենք բռնցքամարտի ձեռնոցներ եւ գլխարկներ, Ակունք գյուղում էլ աջակցել ենք բուժամբուլատորիայի հիմնանորոգման ծրագրին։ Այս ամենն արվում է ‹‹Փարոս›› հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթր Աբաջյանի բարձր հովանու ներքո։ Մեր գործընկերն է «Ֆոքս օն չիլդրըն նաու» բարեգործական կազմակերպությունը, որն արդեն վերանորոգված բնակարաններն ապահովում է գույքով, կենցաղային տեխնիկայով եւ 3 ամիս անվճար սննդով։ Այս ծրագիրը կլինի շարունակական»,-ներկայացրեց Գեղամ Մինասյանը։

«Փարոս» ծրագրի կամավոր, Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ Իրինա Գասպարյանի հավաստմամբ՝ արցախցի ընտանիքների վերաբնակեցումով մի նոր ու նշանակալի էջ է բացվում գյուղի պատմության մեջ։ «Վերաբնակված 5 ընտանիքները բաղկացած են 38 շնչից, բացի այդ, նրանք աճող ընտանիքներ են, որոնք շատ կողմերով կաշխուժացնեն գյուղի կյանքը։ Բնակարանները հիմնանորոգելիս աշխատուժն ու շինարարներն ընտրվել են տեղի բնակիչներից։ Բնակարանաշինական ծրագրերը ոգեւորել են մեր գյուղի մարդկանց այն աստիճան, որ նրանք էլ են սկսել ձեռնարկել բնակարանների կառուցում կամ նորոգում։ Այս պահին ընթացքի մեջ է 5 բնակարանի շինարարություն, ու շատ շուտով եւս 5 ընտանիք կբնավորվեն մեզ մոտ, դպրոցում ավելանում է աշակերտների թիվը, կյանքն ավելի է աշխուժանում, արարման թափը՝ նույնպես։ Այս ծրագիրը պետք է միաժամանակ օրինակ ու խթան հանդիսանա Մասրիկի հարթավայրի, առհասարակ, Վարդենիսի տարածքի սահմանամերձ համայնքների վերաբնակեցման, ժողովրդագրական աճի ապահովման համար։ Ծրագրից լիովին գոհ ու բավարարված են Արցախից մեզ մոտ վերաբնակություն հաստատած ընտանիքները, նրանք արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ ապրում են լիարյուն կյանքով»,-ներկայացրեց Իրինա Գասպարյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում