Պատմության հետագծով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր նշվում է Մտավոր սեփականության համաշխարհային օրը:
-1944 թ. Գեորգիոս Պապանդրեուն դառնում է Կահիրեում գտնվող Հունաստանի վտարանդի կառավարության վարչապետը:
-1986 թ. Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցավ վթար եւ ռադիացիայի արտահոսք:
-1966 թվականին 7.6 մագնիտուդով երկրաշարժն ավերեց Տաշքենդը։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 8 մարդ։
-1933 թ. նացիստական Գերմանիայում ստեղծվեց Գեստապո գաղտնի պետական ոստիկանությունը:
-121 թ. ծնվել է Մարկոս Ավրելիոսը՝ Հռոմի կայսր:
-1856 թ. ծնվել է Հենրի Մորգենթաուն՝ ամերիկյան դիվանագետ, ԱՄՆ դեսպանը Օսմանյան կայսրությունում (1913-1916 թթ.), դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, դրան անդրադարձել իր հուշերում։
-1860 թ. ծնվել է Լեոն՝ հայ նշանավոր պատմաբան:
Հետաքրքիր է իմանալ
Լուսանկարչական ապարատ, ֆոտոխցիկ կամ ֆոտոապարատ, լուսանկար գրանցող/հիշող սարք է։ Ֆոտոապարատը բաղկացած է 2 հիմնական մասից՝ օբյեկտիվ եւ ոչ լուսաթափանցիկ խցիկ:
Օբյեկտիվի միջոցով մենք ստանում ենք պատկերներ։ Այսինքն՝ պատկերը կառուցվում է օբյեկտիվով եւ հաղորդվում ժապավենին։ Օբյեկտիվի վրա գտնվում է ֆոկուսային հեռավորության ղեկավարման վահանակը, որի միջոցով ղեկավարվում է ապարատից մինչեւ նկարահանվող կետ ընկած տարածությունը։
Դիաֆրագմայի միջոցով ղեկավարվում է այն լույսի քանակը, որը պետք է հայտնվի ժապավենի վրա։ Ինչքան լույսը քիչ է, այնքան պետք է դնել ցածր դիաֆրագմաներ՝ 2 (2.8) 4, եւ հակառակը։
Բարձր լուսավորության դեպքում պետք է դրվեն բարձր դիաֆրագմաներ՝ 8/11/16։
Ապարատի երկրորդ հիմնական մասը ոչ լուսաթափանցիկ խցիկն է, որն ավելի շատ ֆիզիկական դեր է կատարում եւ ունի բազմաթիվ ֆունկցիաներ։
Արագությունների վահանակը կապված է խցիկի ներսում գտնվող փակաղակի հետ։ Վահանակի վրա կան տարբեր արագություններ՝ 30-500 կամ ավելի, ինչը նշանակում է վայրկյանի 30-րդ ական կամ 500-րդ ական մասը։ Ինչքան լուսավորությունը քիչ է, այնքան արագությունները ցածրանում են՝ 30.60, որպեսզի ավելի շատ լույս ընկնի ժապավենի վրա, իսկ բարձր լուսավորության դեպքում դրվում են մեծ արագություններ՝ 250.500։ Այսինքն՝ արագությունների վահանակը ղեկավարում է այն ժամանակը, որի ընթացքում լույսը պետք է ընկնի ժապավենի վրա, որպեսզի ստացվի նորմալ մգություն։ Արագությունը կատարում է ֆիզիկական դեր եւ ապահովում է ժապավենի մգության աստիճանը։
Ա. Հ.