Հայկական ուտեստների պատրաստման և պարերի վարպետաց դասեր, երաժշտություն. Դիլիջանում առաջին անգամ կկայանա GASTROFEST փառատոնը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանի քաղաքային զբոսայգում մայիսի 6-ից 8-ը տեղի կունենա GASTROFEST եռօրյա գաստրոնոմիական փառատոնը, որի ընթացքում ավելի քան 20 մասնակիցներ, այդ թվում՝ ռեստորաններ, սրճարաններ, բնական մթերքներ և խմիչքներ արտադրողներ Հայաստանի տարբեր մարզերից հյուրերին կներկայացնեն իրենց արտադրանքը. Փառատոնը կանցնի քաղաքային տոնավաճառի ձևաչափով, որտեղ համտեսներից բացի կլինի կենդանի երաժշտություն, պարի վարպետաց դասեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ GASTROFEST գաստրոնոմիկ փառատոնը նման մեծ ծավալով և ձևաչափով անցկացվելու է առաջին անգամ:
Փառատոնի փրոջեքթ մենեջեր Աննա Տլուստոխովիչը նշեց, որ այն կանցնի քաղաքային տոնավաճառի ձևաչափով, որտեղ համտեսներից բացի կլինեն կենդանի երաժշտություն, պարի վարպետաց դասեր, ինչպես նաև գաստրոնոմիկ քվեսթ: Մասնակիցները հյուրերին կառաջարկեն ճաշատեսակների և խմիչքների հավաքածուներ, որոնցով հայտնի է իրենց տարածաշրջանը, կպատմեն իրենց խոհարարական ավանդույթների մասին:
«Ընտրեցինք հենց Դիլիջանը, քանի որ Տավուշի մարզը հայտնի է իր տեղական հետաքրքիր ու տարբերվող ուտելիքով, ինչպես նաև գտնվում է հարմարավետ դիրքում և միավորում է մի քանի մարզեր: Բացի դա ունենք ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք Տավուշի մարզից են կամ կապ ունեն մարզի հետ, օրինակ՝ «Արարատ»-ի կոնյակի գործարանը մասնաճյուղ ունի Բերդում, «Տուս» գինիները՝ Տավուշի մարզում աճող էնդեմիկ լալվարի խաղողի տեսակից են. կան էլի մի շարք արտադրողներ»,- ասաց փառատոնի փրոջեքթ մենեջերը:
Նա ասաց, որ գաստրոնոմիկ փառատոնի շրջանակներում հյուրերը կկարողանան կատարել խոհարարների հատուկ առաջադրանքները և ստանալ մրցանակներ: Փառատոնային ամեն օրն ուղեկցվելու է հայ երաժիշտների և խմբերի կողմից ներկայացված երաժշտությամբ: «Կարին» պարային համույթն էլ կանցկացնի պարի վարպետաց դասեր, որոնց ընթացքում ցանկացած հյուր հնարավորություն կունենա սովորել հայկական ժողովրդական պարեր:
«Փառատոնը առաջին անգամ ենք իրականացնում, բայց ամեն ինչ անելու ենք, որ լինի շարունակական և ամեն տարի այն դարձնենք ավելի ու ավելի հետաքրքիր: Հաջորդ տարի նաև պլանավորում ենք այլ փառատոններ ևս իրականացնել ոչ միայն Դիլիջանում, նաև Հայաստանի այլ քաղաքներում»,- ասաց Աննա Տլուստոխովիչը:
Փառատոնում գործելու է նաև «Զինվորի տուն» բարեգործական տաղավարը, որտեղից հնարավոր կլինի գնել 44-օրյա պատերազմի մասնակիցների պատրաստած հեղինակային հուշանվերներն ու ձեռքի աշխատանքները:
Փառատոնի կազմակերպիչն էGotoArmenia տուրիստական նախագիծը: