Պատմության հետագծով
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:-1658 թ. ապրիլի 22-ին ծնվել է Ջուզեպպե Տորելլին՝ իտալացի ջութակահար եւ կոմպոզիտոր (մահ.՝ 1709 թ.):
-1724 թ. ապրիլի 22-ին ծնվել է Իմանուիլ Կանտը՝ գերմանացի փիլիսոփա, ով ժամանակակից փիլիսոփայության կենտրոնական դեմքերից է։ Կանտը պնդում էր, որ մարդկային բանականությունը ստեղծում է մարդկային փորձառության կառուցվածքը, բանականությունը բարոյականության աղբյուրն է, գեղագիտությունը առաջանում է անկողմնակալ դատողության ձիրքից, տարածությունը եւ ժամանակը մարդկային զգացողության ձեւեր են, եւ աշխարհը ինքն իրենով անկախ է իր մասին մարդկային գաղափարից։ Կանտն ընդունում էր, որ ազդեցություն է ունեցել փիլիսոփայության կոպեռնիկյան հեղափոխության վրա։ Կանտի հավատքը շարունակում է ունենալ մեծ ազդեցություն ժամանակակից փիլիսոփայության, հատկապես մետաֆիզիկայի, իմաստաբանության, բարոյագիտության, քաղաքական տեսության եւ գեղագիտության վրա (մահ.՝ 1804 թ.):
-1870 թ. ապրիլի 22-ին ծնվել է Վլադիմիր Իլյիչ Լենինը՝ ռուս բոլշեւիկ հեղափոխական:
-1881 թ. ապրիլի 22-ին ծնվել է Ալեքսանդր Կերենսկին՝ ռուս քաղաքական գործիչ (մահ.՝ 1970 թ.):
-1899 թ. ապրիլի 22-ին ծնվել է Վլադիմիր Նաբոկովը՝ ռուս գրող (վախճ.՝ 1977 թ.):
-1937 թ. ապրիլի 22-ին ծնվել է Ջեք Նիկոլսոնը՝ ամերիկացի կինոդերասան:
-1994 թ. ապրիլի 22-ին մահացել է Ռիչարդ Նիքսոնը՝ ամերիկացի քաղաքական գործիչ, իրավաբան, ԱՄՆ 37-րդ նախագահ (ծնվ.՝ 1913 թ.):
Հետաքրքիր է իմանալ
Թադեոս (Ղեբեոս, Հուդա Յակովբոս)՝ Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հիմնադիրներից, որ Բարդուղիմեոս առաքյալից առաջ է քարոզել Հայաստանում՝ Արտազ գավառում (43-66 թթ.)։
«Թադեոս» անվամբ ավետարանիչներից առաքյալին կոչում է միայն Մարկոսը (Մարկ. 3:18)։ Մատթեոս ավետարանիչը անվանում է. «Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց» (Մատթ. 10:3)։ Առաքյալը Ղեբեոս (եբր.՝ «սիրտ») է անվանված նաեւ Մատթեոսի մոտ որոշ աննշան ձեռագրերի հիշյալ 3:18 համարում։ Ղուկաս եւ Հովհաննես ավետարանիչները առաքյալին անվանում են Հուդա (եբր.՝ «գովելի», «հռչակավոր»)՝ «Հակոբի որդի Հուդա» (Ղուկ. 6:16, Գործք 1:13), «Հուդան (ոչ Իսկարիովտացին)» (Հովհ. 14:22)։ Ղեբեոս ձեւը որոշ ուսումնասիրողներ համարում են նույն Թադեոսի տարընթերցումը, իսկ արդեն Թադեոս անվանումը Մարկոսը եւ Մատթեոսը օգտագործում են Հուդա Իսկարիովտացու հետ շփոթ չառաջացնելու համար։ Առաքյալը անվանվում է որդի Հակոբոսի (Ղուկ. 6:16) կամ Ալփեոսի (Մատթ. 10:3) եւ եղբայրն է մեկ այլ առաքյալի՝ Հակոբոս Ալփյանի (հմմտ. Մատթ. 10:3), չնայած որոշ տեղերում Թադեոսի եղբայրն է համարվում Թովմաս առաքյալը, ով հայտնի է նաեւ Երկվորյակ անվամբ։
Իբրեւ Հայ եկեղեցու հիմնադրի՝ Թադեոսին նվիրվել են ճառեր, գանձեր, տաղեր, աղոթքներ եւ շարականներ։ Թադեոս առաքյալի անունով Հայոց կանոնագրքում առկա են անվավեր կանոններ («Սահմանք կանոնաց սուրբ առաքելոյն Թադէոսի ի քաղաքն Ուռհա ի լուսաւորել զնոսա»), որոնք բովանդակում են քրիստոնեական բարոյականության, վարք ու բարքի ընդհանուր սկզբունքներ եւ սահմանումներ։ Թադեոսն իր պատշաճ տեղն է զբաղեցրել նաեւ Հայ միջնադարյան կերպարվեստում։ Նա սովորաբար պատկերվել է մի ձեռքին դաշույն (իր նահատակության գործիքն է), մյուս ձեռքին՝ Հիսուսի կողը խոցած գեղարդը, որը առաքյալը բերել էր Հայաստան եւ մինչեւ այսօր որպես նվիրական սրբություն պահվում է եկեղեցու ծոցում։
Ա. Հ.