Նման այցերը նպաստում են երկրների պետական կառույցների փոխհարաբերությունների սերտացմանը. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի գլխավոր դատախազին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի «Ֆեյսբուք»-յան էջում կատարված գրառումից, հանդիպման սկզբում ՀՀ գլխավոր դատախազը Նորին Սրբությանն է ներկայացրել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև հաստատված սերտ փոխգործակցությունը։
Ողջույնի իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրել է, որ վերջին տասնամյակներին երկու երկրների միջև գործակցությունն առավել խորանում և ընդլայնվում է՝ համահունչ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Նորին Սրբությունը նկատել է, որ հայ և վրաց ժողովուրդները դարեր շարունակ հարատևել են քրիստոնեական հավատքի շնորհիվ և միմյանց զորավիգ լինելով՝ կարողացել են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունը:
Շնորհավորելով վրաց ժողովրդին Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության գալիք տոնի առիթով՝ Հայոց Հովվապետը մաղթել է, որ երկու ժողովուրդների համագործակցությունը լինի արդյունավետ և նպաստի երկու բարեկամ պետությունների զարգացմանը, առաջընթացին ու բարօր կյանքի կերտմանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Համայն Վրաստանի Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքին:
Իր հերթին Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն ընդգծել է, որ նման այցերը նպաստում են երկու երկրների պետական կառույցների փոխհարաբերությունների առավել սերտացմանը։ Պարոն Շոթաձեն Վեհափառ Հայրապետին է փոխանցել նաև Վրաց Ուղղափառ Եկեղեցու հովվապետի ողջույնները։