Հասարակական

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվել է հազարից ավելի ցուցանմուշով

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվել է հազարից ավելի ցուցանմուշով

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային ֆոնդը վերջին մեկ տարում թե ՀՀ քաղաքացիների, թե օտարերկրացիների նվիրատվությունների շնորհիվ համալրվել է հազարից ավելի ցուցանմուշով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Դրանք անձնական իրեր են, փաստաթղեր, լուսանկարներ և այլն: Մասնավորապես, պատմաբան Գևորգ Յազըճյանը նվիրել է 1960-2020 թվականներին վերաբերող լիբանանահայ իրականության մեջ օգտագործված բազմաթիվ ազդագրեր, կոչեր, գրություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության թեմային: Վերջին շաբաթների ընթացքում, որպես նվիրաբերություն, թանգարանին հանձնվեցին Բելգիայում բնակվող նկարիչ Սամո Ասլանյանի ավելի քան տասնյակ գեղանկարները: Վահան Բուռնազյանը փոխանցել է Բուռնազյան-Անանյան ընտանեկան մասունքներ՝ ժամացույցներ, Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամ: Շվեյցարիայից Ֆելիքս Ցիգլերից ստացվել է շվեյցարացի միսիոներ Յակոբ Քյունցլերի գիրքը՝ Քարեն Եփփեին ուղղված հեղինակի ընծայագրով: Արամ Գրիգորյանը նվիրաբերել է Հեդվիգ Բյուլի լուսանկարներ, նամակներ: Շվեյցարիայում բնակվող Տ. Շնորք քահանա Չեքիճյանից ստացվել են արաբկիրցի ոսկերիչ Սարգիս Կէոզուպուլուքյանի ձեռագործ գոտին և ոսկերիչի գործիք: Ընդհանուր առմամբ, թանգարանային ֆոնդը համալրվել է 1423 ցուցանմուշով:

2021 թվականին թանգարանի գրադարանը համալրվել է 913 միավոր գրականությամբ: Մասնավորապես, թանգարանը համալրվել է ցեղասպանագետ Իսրայել Չառնիի անձնական գրադարանի ավելի քան 50 միավոր գրքով: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրինության հետ պայմանավորվածության արդյունքում գրադարանը հարստացել է վերջին 10 տարիներին Պատմության ինստիտուտի կողմից հրատարակված շուրջ 70 անուն մասնագիտական գրականությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում