Հասարակական

Մայրաքաղաքում ապօրինի տեղադրված և ապամոնտաժված էլեկտրամոբիլային լցակայանները կտեղադրվեն այլ վայրերում

2 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում ապօրինի տեղադրված և ապամոնտաժված էլեկտրամոբիլային լցակայանները  կտեղադրվեն այլ վայրերում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էկոքարս» ընկերության կողմից մայրաքաղաքում ապօրինի տեղադրված էլեկտրամոբիլային լցակայանները, որոնք ապամոնտաժվել էին, կտեղադրվեն այլ վայրերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Ճիշտ կլինի, որպեսզի դրանք տեղադրվեն փակ տարածքներում, օրինակ` Օպերայի գետնանցումում»,-նշեց Սարգսյանը:

Հանձնարարվել է շահագրգիռ կողմերի հետ քննարկել և առաջարկել այնպիսի վայրեր, որոնք և՛ հասանելի, և՛ հարմարավետ կլինեն վարորդների համար: Հարկ է նշել, որ լցակայանները Ուկրաինայի հայերի միության նվիրատվությունն է, որի տնօրինումը վստահվել էր «Էկոքարս» ընկերությանը:

Խորհրդակցության ընթացքում զեկուցվեց նաև, որ Սարյանի պուրակը կկանաչապատվի նոր լուծումներով: Այս շաբաթվա ընթացքում կտնկվի շուրջ 4000 գեղազարդ թուփ, կձևավորվի չորս ծաղկանոց: Մինչ ոռոգման տարեշրջանի մեկնարկն այս պահին տարածքի ոռոգման ցանցի կարգաբերման միջոցառումներ են ընթանում:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը նախատեսվում է լուսավորել նորովի:

Քաղաքապետն առաջարկեց ՄԱԿ-ի գործընկերների հետ միասին աշխատանքներում ներգրավվել նաև դիզայներների, որպեսզի շենքի գեղարվեստական լուսավորությունն ինքնատիպ լուծում ստանա:

Երևանյան դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան այցելու համայնքային ենթակայության կազմակերպություններ ու կառույցներ և տեղում ծանոթանալու աշխատանքների կազմակերպման ընթացքին: Էքսկուրսիաներն, ի դեպ, կկազմակերպվեն համայնքին պատկանող «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում