Հասարակական

Ռուս դիզայների սխեման մետրոյի ուղևորներին կօգնի ճիշտ կողմնորոշվել՝ ինչպես օդանավակայան կամ քաղաքի այլ հատվածներ հասնել

7 րոպեի ընթերցում

Ռուս դիզայների սխեման մետրոյի ուղևորներին կօգնի ճիշտ կողմնորոշվել՝ ինչպես օդանավակայան կամ քաղաքի այլ հատվածներ հասնել

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիզայներ, Ռուսաստանի դիզայներների միության անդամ Անտոն Պիկլյաևը կարծում է՝ Երևանի մետրոպոլիտենը յուրահատուկ քարանձավ է քաղաքի տակ: Նա վերջերս է ժամանել Հայաստան և, ծանոթանալով երևանյան մետրոյին, որոշել է սխեմա գծել, որը հնարավոր է՝ առաջիկայում տեղադրվի մետրոյի վագոններում և ուղևորներին հնարավորություն տա հասկանալու, թե ինչ ավտոբուսներով կամ գնացքներով է հնարավոր մետրոյից դուրս գալուց հետո հասնել օդանավակայան կամ քաղաքի այլ հատվածներ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անտոն Պիկլյաևը պատմել է Երևանի մետրոյից ստացած տպավորությունների, առանձնահատկությունների և իր գծած սխեմայի մասին:

Պիկլյաևն առաջին անգամ Երևանի մետրոյի լուսանկարները տեսել, մետրոպոլիտենի մասին տեղեկություններ է քաղել 1995 թվականին, երբ թերթել է Խորհրդային Միության անդամ երկրների մետրոպոլիտեններին վերաբերող գիրքը: «Այդ ժամանակ, ընդամենը 15 տարեկան էի, սակայն շատ հետաքրքրված էի տրանսպորտին, դրա հարմարավետությանը, հասանելիությանը վերաբերող հարցերով, իսկ ավելի ուշ, երբ հասանելի դարձան համակարգիչներն ու սկսեցի դիզայնով զբաղվել, շատ էի ուսումնասիրում մետրոյի սխեման, դիրքը և այլն: Այդ ամենը տեսական էր, բայց՝ կարևոր»,-պատմում է Պիկլյաևը:

Գալով Երևան և մտնելով մետրո՝ նա հիշել է մետրոյի հետ կապված այն ամենը, ինչը ժամանակին կարդացել է: Խոստովանում է՝ երբ կանգնել է էքսկալատորին և այն շատ արագ ցած է իջել, առավել արագ, քան Մոսկվայի և մի շարք այլ քաղաքների մետրոյի էքսկալատորներ, Պիկլյաևը շատ է տպավորվել ու թռիչի զգացում ապրել:

Երբ անցել է մետրոյի կայարաններով, նկատել է, որ կայարանները հոյակապ են, կոթողային են: «Վերջին շրջանում Մոսկվայում կառուցվում են հասարակ, պարզ կայարաններ տարբեր մետաղներից, որոնք տեսականորեն չեն տպավորում, իսկ այստեղ ամեն բան քարից է: Մետրոն ասես քարանձավ լինի, որով տեղաշարժվում ես քաղաքի տակ: Երբ առաջին անգամ գնացի Կասկադ, որը շատ գեղեցիկ է, վերև բարձրացա աստիճաններով, կրկին ներքև իջա և միայն մեկ շաբաթ անց իմացա, որ Կասկադի ներսում էքսկալատոր կա, որը ևս հրաշալի թռիչքի զգացողություն է առաջացնում»,-շեշտում է նա:

Անտոն Պիկլյաևը երկար տարիներ աշխատում է դիզայնի և քաղաքաշինության ոլորտում: Նա և իր թիմը պարզապես հետաքրքիր դիզայն չեն անում, այլ փորձում են մարդկանց օգնել առավել լավ կողմնորոշվել տրանսպորտից օգտվելիս: «Ծնվել եմ Սարատովում և շատ եմ սիրում այնտեղի հասարակական տրանսպորտը: 2011 թվականից Սարատովի տրանսպորտի համար սխեմաներ էի ստեղծում, որոնք մարդկանց օգնում էին տեղեկանալ այլ փոխադրամիջոցով ուղևորությունը շարունակելու հնարավորությունների մասին: Նմանատիպ ծրագրերը նպաստում են ուղևորների՝ տրանսպորտից օգտվելու հարմարավետությանը: Օրինակ՝ եթե տրոլեյբուսի մեջ ես ու չես տեսնում համարը, դա անհարմար է, կամ երեկո է, և ավտոբուսի ցուցանակի վրա նշված համարը լավ չի երևում: Դրանք խնդիրներ են: Ես ակնոց եմ կրում և երբեմն դժվարությամբ եմ տեսնում փայլուն նշված համարը: Իմ շատ առաջարկներ ներդրվել են Սարատովի տրանսպորտային համակարգում»,-ասում է Պիկլյաևը:

Դիզայները որոշել է իր փորձով ու կարողություններով օգտակար լինել նաև Հայաստանին: Ասում է՝ եթե իմանար, որ օդանավակայանից ավտոբուս է շարժվում դեպի քաղաք, կօգտվեր դրանից, սակայն չկա ոչ մի ցուցանակ, որը կտեղեկացնի այդ մասին, ուստի ստիպված օգտվել է տաքսի ծառայությունից: Կարծել է՝ հնարավոր է մետրոյի սխեմայի վրա ցույց տալ, թե այնտեղից դուրս գալով, ինչ երթուղայինով է հնարավոր հասնել, օրինակ, օդանավակայան: Ըստ Պիկլյաևի՝ դա կարող է հարմարավետ լինել և՛ այն ուղևորների համար, որոնք հաճախ են գալիս Երևան, և՛ նրանց համար, ովքեր կա՛մ առաջին անգամ են գալիս Հայաստան, կա՛մ հազվադեպ:

Պիկլյաևը հանդիպել է Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանի հետ, որը նրան պատմել է Երևանի հասարակական տրանսպորտի հետ կապված ծրագրերի, նոր ավտոբուսների, ուղղությունների մասին: «Նրանք շատ հետաքրքրված են, որ այս սխեման հայտնվի գնացքի վագոններում: Մետրոպոլիտենում կդիտարկեն սխեման, գուցե այն որոշ շտկումների կարիք ունենա կամ հավելելու բան լինի: Չի բացառվում, որ այն կիրառվի մետրոպոլիտենում»,-ընդգծում է դիզայներն ու հավելում, որ սխեմայի վրա Հայաստանի դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն, ընդգծված են երթուղիների գծերը: Նրա խոսքով՝ այն կարող են ընկալել նաև դալտոնիզմի տարբեր աստիճաններով տառապող մարդիկ: Դիզայները, որն աշխատանքի գնալիս անցնում է Վերնիսաժի մոտով, շատ է տպավորվել տեղի հայկական նախշերով, որոնք օգտագործել է նաև սխեմայի վրա՝ փորձելով ազգային կոլորիտ հաղորդել դրան:

Անդրադառնալով երևանյան մետրոյի առանձնահատկություններին՝ Անտոնն ասում է, որ կայարաններում շատ են ճարտարապետական հետաքրքիր լուծումներն ու նկարազարդումները: Ըստ նրա՝ Հայաստանում շատ մեծ հարգանք կա ճարտարապետի հանդեպ, քանի որ նրա աշխատանքն աղճատված չէ: «Սամարայի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և այլ քաղաքների մետրոներում հաճախ են վերակառուցումներ անում և գրեթե ոչինչ չի մնում հիմնական ու սկզբնական գաղափարից, ու կայարանն ամբողջությամբ փոխվում է: Հնամյա, գեղեցիկ կայարանից ստացվում է անարժեք նորակառույց, իսկ Երևանում փորձել են ամեն բան պահպանել: Մետրոպոլիտենում ասացին, որ ամենաչնչին փոփոխությունն անելիս անգամ անպայման համաձայնեցնում են ճարտարապետի հետ»,-շեշտում է նա:

Դիզայները հասցրել է օգտվել նաև հասարակական տրանսպորտից ու խոստովանում է, որ շատ է սիրում տրոլեյբուսով երթևեկել: Նրա հաջորդ քայլը տրոլեյբուսի երթուղու սխեման գծելը կլինի, քանի որ դրա անհրաժեշտությունը ևս կա:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում