Հասարակական

Պատմության հետագծով

3 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում ապրիլի 7-ին նշվում է Մայրության եւ գեղեցկության օրը:

-Ապրիլի 7՝ Առողջության համաշխարհային օր:

-1858 թ. ապրիլի 7-ին ծնվել է Ալեքսանդր Շիրվանզադեն՝ հայ գրող, դրամատուրգ (մահ.՝ 1935 թ.):

-1902 թ. ապրիլի 7-ին ծնվել է Արա Սարգսյանը՝ հայ քանդակագործ, մանկավարժ:

-1770 թ. ապրիլի 7-ին ծնվել է Ուիլյամ Վորդսվորթը՝ անգլ. բանաստեղծ (մահ.՝ 1850 թ.):

-1772 թ. ապրիլի 7-ին ծնվել է Շառլ Ֆուրիեն՝ ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստ:

-1892 թ. ապրիլի 7-ին ծնվել է Գեորգի Ադամովիչը՝ ռուս բանաստեղծ-ակմեիստ, գրաքննադատ, թարգմանիչ:

-1939 թ. ապրիլի 7-ին ծնվել է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան՝ ամերիկացի կինոռեժիսոր, լրագրող, գինեվաճառ, ամսագրերի հրատարակիչ եւ հյուրանոցների ցանցի տեր։ Նրան մեծ ճանաչում են բերել իր «Կնքահայրը» կինոեռագրությունը եւ Վիետնամի պատերազմի մասին «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմը։ Դերասանուհի Տալիա Շայրի եղբայրն է, դերասան Նիկոլաս Քեյջի հորեղբայրը, Ջեյսոն Շվարցմանի մորեղբայրը եւ ռեժիսոր Սոֆիա Կոպոլայի հայրը։ Կոպոլան «Օսկար» մրցանակի հնգակի դափնեկիր է, «Ոսկե արմավենու ճյուղի» կրկնակի դափնեկիր։

-1954 թ. ապրիլի 7-ին ծնվել է Ջեքի Չանը՝ չինացի դերասան:

-1614 թ. ապրիլի 7-ին մահացել է էլ Գրեկոն՝ հույն նկարիչ (ծնվ.՝ 1541 թ.):

-1947 թ. ապրիլի 7-ին մահացել է Հենրի Ֆորդը՝ ամերիկացի գործարար (ծնվ.՝ 1863 թ.):

Հետաքրքիր է իմանալ

Հեծանիվ՝ անիվներով տրանսպորտային միջոց, որը շարժվում է մարդու մկանային ուժի շնորհիվ՝ ոտնակների միջոցով։ Առավել տարածված են երկու ակնանի հեծանիվները, սակայն կան նաեւ մի ակնանի, երեք ակնանի, ինչպես նաեւ բազմաթիվ ակներով հեծանիվներ։

Հեծանիվի նախատիպերը՝ քառանիվ ինքնագլոր սայլակները, 17-րդ դարում համարյա միաժամանակ ստեղծվել են Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Ռուսաստանում։ Առաջին երկանիվ հեծանիվները երեւացին 19-րդ դարի սկզբներին։ 1817 թ. բարոն Կառլ ֆոն Դրեզը ստեղծեց առաջին երկանիվ հեծանիվը, հետո 1818-ին իրագործեց առաջին ինքնագնացը, որն անվանեց՝ «մեքենա վարելու համար» (Laufmaschine)։ Դրանք չունեին ղեկ, անիվները փայտից էին՝ ամրացված երկաթե օղերով, շարժվում էին ոտքերով գետնից հրելու միջոցով։ Հետագայում ավելացվեց ղեկ, առաջին անվին ամրացված շարժաթեւ եւ ոտնակ։ Փայտե անիվները փոխարինվեցին մետաղե բարակ բոլորակ, ճաղեր եւ ռետինե հոծ դողեր ունեցող անիվներով, արագությունը մեծացնելու նպատակով մեծացվեց տանող անվի տրամագիծը (հասավ նույնիսկ 180 սմ-ի)։ Մեր ժամանակների հեծանիվներին նման առաջին հեծանիվը ստեղծվեց անգլիացի Ջեյմս Քեմպ Ստարլիի կողմից, 1884 թ., այն կոչվում էր «Ռովեր»։

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում