Հասարակական

Ի՞նչ բարեփոխումներ են իրականցվել ՀՀ տրանսպորտային համակարգում 2021-ին. Կառավարության հաշվետվություն

3 րոպեի ընթերցում

Ի՞նչ բարեփոխումներ են իրականցվել ՀՀ տրանսպորտային համակարգում 2021-ին. Կառավարության հաշվետվություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականին ակտիվ աշխատանքներ են տարվել նաև տրանսպորտային ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: 2021թ.-ին Հանրապետության տարածքում միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքների շնորհիվ 2022թ.-ի կեսից Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր տրանսպորտային միջոցներով, Արարատի մարզը՝ 87, իսկ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանը՝ 46 նոր տրանսպորտային միջոցներով։ Թվարկված միջոցառումներով 6,5 մլրդ դրամի ներդրումներ կիրականացվեն։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը հղում անելով ՀՀ կառավարության 2021թ. հաշվետվությանը։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Երևանի համար շուրջ 100 ավտոբուսներ ձեռք բերելու նպատակով ՀՀ-ի ու ՎԶԵԲ-ի միջև ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» համաձայնագրի շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է 5 մլն եվրո դրամաշնորհ:

2021 թվականին ներդրվել է ավտոտրանսպորտի տեխնիկական զննության գործընթացի նոր համակարգ, որի շնորհիվ տեխնիկական զննման կտրոնների պահանջը փոխարինվել է վերահսկողության իրականացման էլեկտրոնային համակարգով, որով կբացառվի իրական տեխնիկական զննություն չանցկացնելու արատավոր երևույթը՝ բարձրացնելով ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։

2021թ.-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Եվրոպական միության անդամ պետությունների միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը, որով կապահովվի ավիափոխադրողների համար շուկաների հասանելիությունը հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության և միասնական կանոններով։

2021 թվականին կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրեր է ստացել երկու նոր ավիաընկերություն։ Փոփոխվել է «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների 2018-2022թթ.-ի մաստեր պլանը, որի շնորհիվ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2021թ.-ին իրականացվել է մոտ 5,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում. վերանորոգվել է օդանավակայանի վազքուղին, ընդլայնվել է ժամանման սրահը:

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի և «Էյր Արաբիա» (Air Arabia) ընկերությանն ամբողջությամբ պատկանող «International Business Company (FZE)» ընկերության կողմից ստեղծվել է «Ֆլայ Արնա» (Fly ARNA) hամատեղ ավիաընկերությունը:

Հայաստանի երկաթգծի շարժակազմի արդիականացման շրջանակներում 2021թ.-ին ձեռք են բերվել և շահագործման հանձնվել 27 ուղևորատար ժամանակակից և հարմարավետ նոր վագոններ և երկու նոր էլեկտրագնացքներ, կապիտալ վերանորոգվել է 9,5 կմ երկաթգիծ: 2021թ.-ի արդյունքներով ներհանրապետական երկաթուղային բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 2,6%-ով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում