Վարչապետը կանանց կոչ արեց ակտիվորեն մասնակցել մարզերում պարեկային ծառայության ընդունելությանը
2 րոպեի ընթերցում
![Վարչապետը կանանց կոչ արեց ակտիվորեն մասնակցել մարզերում պարեկային ծառայության ընդունելությանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/03/1078114.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ոստիկանության պարեկային ծառայություն կներդրվի Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետը այս մասին ասաց Կառավարության մարտի 17-ի հերթական նիստում։
«Հիմա արդեն ոստիկանության կողմից տարածվել է հայտարարություն հավակնորդների ընդունելու վերաբերյալ։ Պետք է ասել, որ ի տարբերություն առաջին մրցույթի, արդեն հետագա մրցույթներին ունենում ենք ռեալ մրցակցություն հավակնորդների մեջ, մեկ տեղի համար արդեն մի քանի հավակնորդներ կան»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը կարևոր է համարում, որպեսզի ընդունելության մասին հայտարարությունը բոլոր հնարավոր շահառուներին հասանելի լինի։
«Առաջինը՝ պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու համար պարտադիր չէ նախկինում ոստիկանությունում աշխատած լինել, բարձրագույն կրթություն ունենալը, բայց կրթական հատվածը ամենևին չեն թերագնահատում, մարդիկ ընդունվում են, դասընթացներ են անցնում, որակավորման քննություն են հանձնում և այդ որակավորման քննությունը հանձնելուց հետո անցնում են աշխատանքի։ Եվ կարևոր է, որ հետագայում էլ նրանք ( մենք այդ մեխանիզմները մշակել ենք և կշարունակենք մշակել) պարեկային ոստիկանությունում ծառայողական առաջխաղացում ունենալու համար ոստիկանական ակադեմիայում նորից վերապատրաստում անցնեն»,- ասաց վարչապետը։
ՀՀ վարչապետը նաև կոչ արեց կանանց ակտիվորեն մասնակցել Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի ոստիկանություն պարեկային ծառայության ընդունելությանը։
«Եվ Երևանում, և Շիրակի, և Լոռու մարզերում ունենք կին պարեկներ, բայց, կարծում ենք, որ պոտենցիալը շատ ավելի մեծ է: Ուզում եմ կոչ անել, որպեսզի կանայք Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերից ակտիվություն ցուցաբերեն»,- հավելեց վարչապետ։