ՀայՓոստը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում են համագործակցություն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոստի ազգային օպերատոր ՀայՓոստը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ստորագրել են հուշագիր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀայՓոստից, հուշագիրը նպատակ ունի նպաստել դասական երաժշտության տարածմանը և հանրայնացմանը Հայաստանում:
Ըստ հուշագրի՝ ՀայՓոստը պետք է աջակցի նվագախմբին՝ փոստային բաժանմունքներում տեղեկատվական արշավներ կազմակերպելով, համերգների տոմսեր վաճառելով և դրանք առաքելով:
Իր հերթին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կօժանդակի ՀայՓոստին՝ տրամադրելով երաժշտական լուծումներ ՀայՓոստի տեղեկատվական նյութերի ձևավորման համար:
Համագործակցության հուշագիրը ստորագրել են ՀայՓոստ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
«Անհրաժեշտ է, որ մենք և մեզ նման մյուս մեծ ընկերություններն իրենց ուժերի ներածին չափով աջակցեն դասական երաժշտության տարածմանը: Մեր երիտասարդները պետք է ավելի շատ առնչվեն դասական երաժշտությանը և ավելի գնահատեն իրական արվեստը: Մենք առաջիկայում նաև նախատեսում ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին նվիրված նամականիշ թողարկել»,- նշել է Հայկ Կարապետյանն, ընդգծելով, որ բարձր է գնահատում այս համագործակցությունը:
Սերգեյ Սմբատյանը նույնպես կարևորում է համագործակցությունը Հայաստանի փոստի ազգային օպերատորի հետ.
«Ուրախ ենք, որ մեր իրականության մեջ մեծանում է այն կազմակերպությունների թիվը, որոնք կարևորում են դասական արվեստի դերն ու նշանակությունը։ Այս հուշագրով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակիցների թիմին է միանում ՀայՓոստը, որի աշխատանքն առնչվում է գրեթե բոլոր ընտանիքներին։ Հուսով ենք, որ այս համագործակցությամբ մեր գործընկերոջ միջոցով դասական երաժշտությունը մուտք կգործի մարդկանց տներ՝ իր դրական ներգործությունն ունենալով նրանց կյանքում»։