Տնտեսություն

Արաբական երկրները հետաքրքրված են Հայաստանից մանր և խոշոր եղջերավոր անասունների ներկրմամբ

2 րոպեի ընթերցում

Արաբական երկրները հետաքրքրված են Հայաստանից մանր և խոշոր եղջերավոր անասունների ներկրմամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարն ու Քուվեյթը հետաքրքրված են Հայաստանից մանր և խոշոր եղջերավոր անասունների ներկրմամբ: Արդեն գործնականում Հայաստանից նշված երկրներ արտահանողներ կան ու աշխատանքը բավական հեշտացել է Իրանի ցամաքային սահմանով գործընթացը կազմակերպելու պարագայում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

«Միջազգային համագործակցության շրջանակում բավական լավ ձեռքբերումներ ունենք: Կարողացել ենք Իրանի հետ պայմանավորվել կենդանիների տարանցիկ ապահովման համար: Մենք մանր և խոշոր եղջերավոր կենդանիների արտահանման ոլորտում ունենք լուրջ պահանջարկ: Իրաքից խոշոր եղջերավոր անասունների պահանջարկ կա մոտ 130 հազար գլխի չափով: Բիզնեսին օգնելու, զարգացումն ապահովելու համար աշխատանքներ տարանք Իրանի հետ, որպեսզի հնարավոր լինի իրենց տարածքով իրականացնել արտահանումը»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

Նրա խոսքով, այս ճանապարհով անասունների արտահանումը բիզնեսի համար բավական ձեռնտու է: Զգալի կրճատվում են ֆինանսական ծախսերը: Ինքնաթիռով տանելը նույն քանակությամբ գլխաքանակի տեղափոխման համար արժենում է, օրինակ, 70 հազար ԱՄՆ դոլար, մեքենայով տանելը 3-4 հազար դոլար:

Գերոգի Ավետիսյանը նշեց, որ լավ հարաբերություններ ՌԴ-ի հետ: 2020 թվականից ի վեր Հայաստանը գրեթե չի ունեցել սահմանին խնդիր արտահանման հետ կապված:

Հաջողություններ են գրանցվել ԵՄ-ի հետ համագործակցությամբ: Գեորգի ԱՎետիսյանը նշեց, որ իրականացնում են մեղրի և ձկան մոնիտորինգ մնացորդային նյութեր, թունավոր տարրեր հայտնաբերելու հետ կապված, որ հնարավոր լինի այդ մթերքը արտահանել նաև ԵՄ:

«Մեղրի դեպքում հասել ենք խնդրի լուծման: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է մեղր արտահանել Եվրամիություն: Ձկան մասով հուսանք եկող տարի կկարողանանք խնդրին լուծում տալ, որովհետև 2021 թվականի ունեցած մեր տվյալներով մենք մեծ ձեռքբերում համարում: Մեզ մոտ աճեցրած ձուկն անվտանգ է և որևէ առողջական ռիսկ չի պարունակում»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում