Մեծ թվով հայտեր մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման համար. ՏԿԵՆ-ը մանրամասնում է սուբվենցիոն ծրագրերը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2022 թվականի համար ստացել է 456 սուբվենցիոն ծրագրերի հայտ: Այս ծրագրերով ֆինանսավորումն իրականացնում է և՛ համայնքը, և՛ պետությունը: Հայտերի ներկայացման առումով բոլոր մարզերն էլ ակտիվ են, սակայն քանակի և արժեքի մասով առաջատարը Գեղարքունիքն է, Սյունիքը, Լոռին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը նշեց, որ այս թիվը նախորդ տարվա համեմատ փոքր է, սակայն առանձնանում է ֆինանսական խոշոր ծրագրերով: Այս տարի խոշոր ֆինանսական միջոցներ պահանջող ծրագրերի թիվը ավելի մեծ է: Ներկայացված ծրագրերի ընդհանուր արժեքը նախնական տվյալներով կազմում է շուրջ 78 մլրդ դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորումը կազմելու է 42 մլրդ: Այս գումարները որոշակիորեն կարող են փոխվել, երբ վերջնական պատրաստ լինեն նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերը:
«Կարող եմ նշել ճանապարհների բարեկարգման, կառուցման ծրագրերը: Ներկայացված հայտերի շուրջ 20 տոկոսը դրանք են կազմում: Մեծ գումարները հենց ասֆալտապատման աշխատանքներին են գնում, մոտավոր 24 մլրդ դրամի չափով»,-ասաց Նարինե Ավետյանը:
Այս տարի կառավարությունը որոշակի փոփոխություններ է կատարել սուբվենցիոն ծրագրերի հետ կապված և ավելացրել ֆինանսավորման իր մասնաբաժինը մի քանի ուղղություններով: Մասնավորապես, սահմանային համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման բյուջեի մասնաբաժինը դարձրեց մինչև 80 տոկոս: Սահմանամերձ համայնքներից ստացվում են հայտեր՝ կապված ասֆալտապատման, փողոցների լուսավորության, ջրամատակարարման, մանկապարտեզների կառուցման հետ:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է նախադպրոցական հաստատությունների ծրագրերին տրամադրվող ֆինանսավորմանը: Այստեղ ևս բյուջեի ֆինանսավորումը դարձվել է մինչև 80 տոկոս: Այս փոփոխությունն իր ազդեցությունն արդեն թողել է, և նախարարությունը ստացել է մեծ քանակությամբ հայտ նախադպրոցական հաստատությունների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման համար:
«2018-2021 թվականների ընթացքում իրականացվել է մանկապարտեզների շուրջ 100 ծրագիր, որից միայն 10-ն էր կառուցման: Այս տարի մենք նախնական հայտերով ստացել ենք 174 մանկապարտեզի կառուցման վերակառուցման, նորոգման ծրագրեր, որից 31-ը հենց կառուցմանն է վերաբերում: Փաստացի այս տարվա հայտերի քանակը գերազանցում է նախորդ 4 տարվա ցուցանիշները»,-ասաց նախարարության ներկայացուցիչը:
Կառավարությունն այս տարի մեկ այլ փոփոխություն կատարել է, որը վերաբերում է հեռագնա արոտավայրերի ճանապարհների, ոռոգման համակարգի բարելավմանը: Կան բազմաթիվ հողատարածքներ, որոնք հնարավոր չէ մշակել հենց ճանապարհների բացակայության ու ոռոգման ջրի պակասի պատճառով: Կառավարությունը որոշեց նշված ուղղություններով կատարվող աշխատանքների ֆինանսավորումն ավելացնել: Այս ուղղությամբ ևս խոշոր ծրագրեր կան շուրջ 7 մլրդ դրամի չափով: