Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Գավառի ավագ դպրոցում բացվեց ԱԹՍ լաբորատորիա

Գավառի ավագ դպրոցում բացվեց ԱԹՍ լաբորատորիա

ԳԱՎԱՌ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառ քաղաքի ավագ դպրոցում «Կարեն Վարդանյան» կրթական հիմնադրամի հովանավորությամբ եւ հանդիսավոր պայմաններում բացվեց ԱԹՍ լաբորատորիա, որտեղ կրթություն կստանան Գավառ համայնքի հանրակրթական դպրոցների 14 տարեկանից բարձր աշակերտները։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ԱԹՍ լաբորատորիայի բացման արարողությանը մասնակցեցին «Կարեն Վարդանյան» հիմնադրամի ներկայացուցիչ Սուրեն Վարդանյանը, «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը,  Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ, Գավառի ավագ դպրոցի տնօրեն Նունե Ղուլոյանը եւ ուսուցչական անձնակազմը, «Արմաթ» կրթական ծրագրում ընդգրկված աշակերտներ։ ԱԹՍ լաբորատորիան կրում է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Կարեն Բադոյանի անունը։ Լաբորատորիայի բացման արարողությունը մեկնարկեց պատմական էքսկուրսի բեմականացմամբ, որը ներկայացրին Գավառի ավագ դպրոցի աշակերտները։

Այնուհետ Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Կարեն Բադոյանի քույր Մերի Բադոյանը ներկայացրեց այն հիմնական շարժառիթն ու գաղափարը, որի արդյունքում էլ նորաստեղծ ԱԹՍ լաբորատորիան կրում է իր եղբոր անունը։

«Կարեն Բադոյանը, մինչ զինվորական ծառայության մեկնելը հանդիպել էր Կարեն Վարդանյանին, իսկ Արցախյան վերջին պատերազմի ծանրագույն օրերին մեզ հետ հեռախոսով զրուցելիս ասում էր, որ պատերազմի ավարտից ու զորացրվելուց հետո անպայման կազմակերպելու է ԱԹՍ-ների արտադրություն եւ ուսուցում։ Ցավոք, նրա երազն անկատար մնաց, որը մենք  իրականություն ենք  դարձնում  համատեղ ուժերով»,-ասաց Մերի Բադոյանը։

«Մեր հերոսների հիշատակը վառ պահելու համար կարեւորը ոչ այնքան նրանց շիրիմներին ծաղիկներ դնելը կամ խնկարկելն է, որքան՝ լավագույն կրթություն ու գիտելիք ստանալը։ Այդ դեպքում դուք կդառնաք մեր հայրենիքը կառուցող ու հզորացնող մարդիկ, կստեղծեք այնպիսի պետություն, որին արդեն ոչ մի կերպ չի կարող սպառնալ ոչ մի թշնամի երկիր։ Այս լաբորատորիան լավագույն միջոցներից մեկն է՝ մեր երազանքներին ու նպատակներին հասնելու համար»,-ներկաներին դիմեց Գավառի ավագ դպրոցի տնօրեն Նունե Ղուլոյանը։

 «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանն իր ելույթում նշեց, որ Գավառի ավագ դպրոցում բացված ԱԹՍ լաբորատորիան Հայաստանի տարածքում թվով իններորդն է, եւ որ առաջիկա երկու տարիների ընթացքում նման լաբորատորիաներ կբացվեն Հայաստանի Հանրապետության 65 քաղաքային կամ գյուղական խոշոր բնակավայրերում։ Գեղարքունիքի մարզում դրանք կհիմնվեն Մարտունի, Սեւան, Ճամբարակ եւ Վարդենիս քաղաքներում։ «Գավառի ավագ դպրոցի ԱԹՍ լաբորատորիայում ուսուցումը կկազմակերպվի 3 խմբերում, 1 տարի ժամկետով, շաբաթական վեցժամյա  դասընթացներով։ Ուսուցման մեջ հիմնականում կներգրավվեն «Արմաթ» կրթական ծրագրերում ընդգրկված 14 տարեկանից բարձր աշակերտները, ովքեր արդեն զինված են որոշակի գիտելիքներով։ Մենք պետք է հասնենք նրան, որ մեր դպրոցականներն արդեն իրենց գիտելիքները կարողանան կիրառել բանակում՝ սպասարկելով ԱԹՍ-ները։ Բնականաբար, ԱԹՍ-ները կիրառվում են նաեւ խաղաղ պայմաններում, բազմաթիվ ոլորտներում, որտեղ անհրաժեշտ կլինեն միայն մասնագետները։Անշուշտ, Արցախյան վերջին պատերազմում մեր պարտության հիմնական պատճառը կրթության պակասն էր, ուստի մենք պետք է հզորանանք գիտելիքով ու մեր հայրենիքը կարողանանք պաշտպանել ցանկացած սպառնալիքից»,-նշեց Սեդրակ Վարդանյանը։

Նորաբաց լաբորատորիայում ցուցադրվեց ԱԹՍ մոդելներ, խմբավարի կողմից իրականացվեց փորձնական եւ ցուցադրական թռիչք։

Խոսրով Խլղաթյան  








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]