Հասարակական

Անավարտ «Կասկադ». համալիրի շինարարությունն ավարտելու համար համայնքը բանակցում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ

2 րոպեի ընթերցում

Անավարտ «Կասկադ». համալիրի շինարարությունն ավարտելու համար համայնքը բանակցում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքը միջոցներ է ձեռնարկում ավարտելու «Կասկադ» համալիրի շինարարությունը: Տարեսկզբին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է վերսկսել բանակցությունները «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Մեր կողմից առաջարկվել է քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող համալիրի տարածքի արդիականացման նպատակով հիմնադրամի հետ համատեղ մշակել և իրականացնել ներդրումային նոր ծրագիր: Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանը բաց է լիարժեք օժանդակություն ցուցաբերելու և համապատասխան գործիքակազմ ներդնելու տեսանկյունից»,-ասել է Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Մերի Հարությունյանը:

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ընդգծել է, որ եթե հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը պատրաստ չէ շարունակելու կատարել իրենց պարտավորությունները, ապա կասկած չկա, որ ներդրողների հերթ կգոյանա:

«Միշտ հաշվի են առնվում կառուցապատողների խնդիրները, բայց նրանք պարտավոր են հաշվի առնել քաղաքի զարգացմանը չխոչընդոտելը: Եթե ինչ-ինչ պատճառներով չեն շարունակում ծրագիրը, ապա պետք է կամ ներգրավեն այլ ներդրողներ կամ հանձնեն համայնքին»,-ասել է նա:

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանի խոսքով՝ իրենք նախագծեր, մտքեր ունեն ու պատրաստ են համագործակցել, որ խնդիրը լուծում ստանա: Այդտեղ կարելի է կառուցել և հյուրանոց, և դահլիճներ:

Հայկական պատմությունը, ճարտարապետությունն ու մշակութային ժառանգությունը մեկտեղող «Կասկադ» համալիրն ամբողջանալուց հետո կարող է վերածվել տարածաշրջանային մշակութային կենտրոնի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում