Հասարակական

Հանրային ծառայությունները՝ հասանելի մեկ վայրում. ավելացվում է քաղաքացիական կենտրոնների թիվը

2 րոպեի ընթերցում

Հանրային ծառայությունները՝ հասանելի մեկ վայրում. ավելացվում է քաղաքացիական կենտրոնների թիվը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնայել ժամանակ, ստիպված չլինել անցնել գերատեսչությունից գերատեսչություն. հանրային ծառայությունները քաղաքացիներին հասանելի են դառնում մեկ պատուհանի սկզբունքով: Ժամանակակից սպասարկման կենտրոններում քաղաքացիները հնարավորություն են ստանում հանրային ծառայությունները ստանալ մեկ վայրից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Անի Մխիթարյանը նշեց, որ առաջիկայում նման նոր գրասենյակներ են բացվելու:

« 2020 թվականից ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել ստեղծել վարչական տարածքներ, որտեղ պետության անունից տրամադրվող բոլոր հանրային ծառայությունները ներկայացված կլինեն: Առաջին այդպիսի գրասենյակը բացվեց Երևանում, այնուհետև Իջևանում և Գյումրիում: Հաջորդ կենտրոնը փետրվարի 17-ին կբացվի Վանաձորում»,-ասաց Անի Մխիթարյանը:

Գրասենյակներում ներկայացված են մի շարք ծառայություններ: Մասնավորապես, ներկայացված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրը, ազգային արխիվը, հարկադիր կատարման, նոտարական, անձնագրերի և վիզաների ծառայությունները: Կառավարության ծրագրով նախատեսված է, որ մինչև 2026 թվականը նման կենտրոններ բացվելու է Հայաստանի բոլոր մարզերում: Կառավարության ծրագրով սահմանված է նաև, որ այս տարիների ընթացքում պետք է ձևավորվի քաղաքացիական կենտրոնի նոր մոդելը: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ քաղաքացիական կենտրոնները մեծ պահանջարկ ունեն քաղաքացիների շրջանում: Արդեն գործող այսպիսի կենտրոններից յուրաքանչյուրն ամսական սպասարկում է 2500-ից ավելի քաղաքացու:

«Ծառայությունները երբեմն լինում են փոխկապակցված: Ու շատ դեպքերում քաղաքացիները ստիպված են լինում մի քանի գերատեսչություն այցելել տարբեր թղթերի համար: Այս դեպքում մեկ գրասենյակ այցելելով՝ քաղաքացին այդ նույն տեղում ստանում է իրեն անհրաժեշտ բոլոր հարցերի պատասխանները: Արդյունքում, խնայում է ժամանակ»,-ասաց Անի Մխիթարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում