Նախարարը հույս ունի, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի 5 գիտնականները կվայելեն հանրության վստահությունը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հույս ունի, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները կվայելեն հանրության վստահությունը։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին Անդրեասյանն ասաց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Խոստանում ենք, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հաջորդ նիստը կլինի փակ, որովհետև այդ ժամանակ բոլոր տեխնիկական հարցերը կավարտենք և կանցնենք հաջորդ հարցերին, որտեղ կլինեն բովանդակային քննարկումներ։ Տեխնիկական քննարկումները կարող են ձանձրալի թվալ ու կապ չունենալ սահմանադրության բուն թեմայի հետ, բայց այս ճանապարհով ցույց ենք տալիս և անում ենք այնպես, որ այդ 5 անձինք, ովքեր ընտրվելու են որպես Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, քաղաքացիները տեսնեն, թե ինչքան կարևոր են և որքան կարևոր է, որպեսզի նրանք վստահություն ունենան հանրության շրջանում։ Սա է պատճառը, որ ամեն մանրուքի վրա այսքան բանավեճ ենք ունենում։ Հույս ունեմ, որ այն հինգ գիտնականները, մասնագետները, որոնք կմիանան խորհրդի աշխատանքներին և կձևավորեն հանձնաժողովը, կվայելեն հանրության վստահությունը»,- ընդգծեց Անդրեասյանը։
Ավելի վաղ, Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հաստատել էր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը։