Հասարակական

175 մանկապատանեկան մարզադպրոցները կառաջնորդվեն Կառավարության սահմանված չափորոշիչներով

3 րոպեի ընթերցում

175 մանկապատանեկան մարզադպրոցները կառաջնորդվեն Կառավարության սահմանված չափորոշիչներով

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում գործող 175 մանկապատանեկան մարզադպրոցները կառաջնորդվեն ՀՀ կառավարության 2005 թվականին սահմանած չափորոշիչներով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարությունը նման որոշում կայացրեց փետրվարի 10-ի հերթական նիստում:

«Ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 408-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի հանձնարարականով: Հայաստանի Հանրապետությունում գործող 175 մանկապատանեկան մարզադպրոցներից միայն 33-ն են ՊՈԱԿ հանդիսացող մանկապատանեկան մարզադպրոցներ, մնացածը ՀՈԱԿ-ներ են: Եվ միայն ՊՈԱԿ-ների վրա է տարածվում Կառավարության 2005 թվականի համապատասխան որոշումը, որով սահմանված են մարզադպրոցներում ուսումնամարզական խմբերի մեկ պարապմունքի տևողությունը, մարզադպրոց ընդունվողների նվազագույն տարիքը, մարզական կառույցների չափերը, մարզագույքից միաժամանակյա օգտվող մարզիկների առավելագույն թիվը, մարզակառույցների մաքրման և ախտահանման աշխատանքների հսկողությունը: Այս չափորոշիչներով առաջնորդվելը ապահովում է մարզիկների անվտանգությունը, ուսումնամարզական պարապմունքների արդյունավետությունը և սանիտարահիգիենիկ հսկողությունը: Ներկայացված նախագծի ընդունմամբ հանրապետության ՊՈԱԿ և ՀՈԱԿ հանդիսացող բոլոր մանկապատանեկան մարզադպրոցները կառաջնորդվեն միևնույն չափորոշիչներով, որոնք սահմանված են Կառավարության համապատասխան որոշմամբ»,- նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Դումանյանը հայտնեց, որ չափորոշիչների ներդրման վերջնաժամկետ է սահմանված 2024 թվականի սեպտեմբերի 1-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ընդգծեց, որ թե սպորտի, թե հանրակրթության բնագավառում Հայաստանը չի կարող ունենալ այնպիսի կրթօջախներ, որոնք պետական ստանդարտով չգործեն:

«Եվ այս օրենքը մարզադպրոցների աշխատանքը կանոնակարգելու նպատակ ունի, որն իր հետ բերում է որոշակի պահանջներ և որոշակի ստանդարտներ»,- ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում