Թոռնուհին ներկայացրեց պապի պատմությունը, որը երկու անգամ փրկել է նույն անծանոթ հրեայի կյանքը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ Հոլոքոստի տարիներին հրեաների փրկած և «Յադ Վաշեմի» կողմից երախտավոր ճանաչված Հարություն Խաչատրյանի թոռնուհին ներկայացրեց պապիկի պատմությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝Երուսաղեմում գործող «Յադ Վաշեմ» հուշահամալիր-թանգարանում հիշատակվում են մոտ 20 000 փրկողների անուններ:
Աննա Խաչատրյանը նշեց, որ ամեն ինչ սկսվել է շատ պատահական, երբ գտնվել է Երուսաղեմում, ռադիոյով լսած ինֆորմացիայից հետո սկսել է փնտրել փաստաթղթեր, տեղեկատվութուն, որը կապացուցեր պապիկի արած գործը:
«Պատմությունը սկսվում է պատերազմի ամենասկզբից, երբ պապիկս գնացք նստելուց հանդիպում է ազգությամբ հրեա Կոգենին և, նրան հայի նմանեցնելով, սկսել է զրուցել, բայց պարզվել է՝ նա հայ չէ, դրանից հետո նրանք բաժանվել են: Այդ պատահական հանդիպումից հետո պապիկս հասցնում է երկու անգամ փրկել անծանոթ հրեայի կյանքը համակենտրոնացման ճամբարում (որտեղ դարձյալ պատահաբար հանդիպել են) և նրան հայերեն խոսել սովորեցնել: Պատերազմից հետո նույնպես որոշ ժամանակ կապ է եղել պապիկիս և համակենտրոնացման ճամբարում իրենց հետ գտնված մարդկանց հետ»,- ասաց նա:
Աննա Խաչատրյանը շեշտեց, որ Կոգենը, որի կյանքը փրկել է իր պապիկը, մի շարք նամակներ է գրել, վկայություն է տվել համապատասխան գերատեսչություններում, որտեղ մանրամասն ներկայացրել է, որ այդ մարդը փրկել է իր կյանքը: «2013 թվականին արդեն պապիկս պաշտոնապես ճանաչվեց «Ազգերի առաքյալ», իսկ 2014 թվականին մեզ հանձնեցին պապիկիս մեդալը»:
«Յադ Վաշեմի» երախտավորների ցուցակում ընդգրկված են տարբեր ազգությունների, դավանանքի մարդիկ՝ բազմաթիվ երկրների քաղաքացիներ: Հայաստանն այդ ցանկում 25-րդն է: Մեր 24 հայրենակիցներ արժանացել են այս պատվին: Նրանց մեծ մասի համար փրկելու շարժառիթ է դարձել Հայոց ցեղասպանության հիշողությունը: 1962 թ. Հոլոքոստի հիշատակի օրը «Յադ Վաշեմ» հուշահամալիրում բացվեց Երախտավորների ծառուղին, որտեղ ի հիշատակ փրկողների մինչ օրս ծառեր են տնկվում:
ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը նշեց, որ փրկության գործողությունը բացառիկ մի սխրագործություն է, որը ցույց է տալիս, որ նույնիսկ ցեղասպանության սարսափելի պայմաններում հնարավոր է օգնել թույլին, զոհին և թիրախավորվածին: Երախտավորները հաղթահարել են վախը և անտարբերությունը, դուրս են եկել ամեն ինչ ջնջող, ցեղասպան կառավարության և հասարակության դեմ՝ դառնալով բարոյական վարքագծի չափանիշ ապագա սերունդների համար: Նրանք ապացուցում են, որ կարելի է և պետք է ընդդիմանալ չարին:
1953 թ. Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, ընդունեց օրենք, որով Երուսաղեմ քաղաքի բարձունքներից մեկի վրա կառուցվեց Հրեից ցեղասպանության նահատակների և հերոսների հիշատակին նվիրված «Յադ Վաշեմ» հուշահամալիրը: Վերջինիս նպատակն էր Հոլոքոստի ժամանակ նացիստների և նրանց համախոհների կողմից սպանված վեց միլիոն հրեաների հիշատակումը, հրեա դիմադրության մարտիկներին հարգանքի տուրք մատուցելը, ինչպես նաև «վեհ մտածողությամբ այլադավաններին հիշատակելը, որոնք վտանգեցին իրենց կյանքը հրեաներին փրկելու համար»: