Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Մայիս

Գավառի համայնքի ղեկավարի շնորհակալագրով պարգեւատրվեցին Արցախյան վերջին պատերազմի մասնակից նախկին զինծառայողները

Գավառի  համայնքի ղեկավարի շնորհակալագրով պարգեւատրվեցին Արցախյան վերջին 
պատերազմի  մասնակից  նախկին զինծառայողները

ԳԱՎԱՌ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գավառի  քաղաքային գրադարանում Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում մեծարվեցին Արցախյան պատերազմներում եւ Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելիս զոհված հերոսները եւ Արցախյան վերջին պատերազմին մասնակցած նախկին զինծառայողները:  

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը մասնակցում էին Գավառի համայնքապետի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, տեղակալ Գրիգոր Բոշյանը, աշխատակազմի քարտուղար Կարինե  Մանուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմներում զոհված գավառցի զինծառայողների ծնողներն ու հարազատները, Արցախյան վերջին պատերազմին մասնակցած  նախկին զինծառայողները: Գրադարանի աշխատակիցների եւ ընթերցողների կողմից ներկայացվեց  Հայոց բանակի անցած երեսնամյա ուղին, փառաբանվեցին նրա կազմավորման ակունքներում գտնվող ու մեր հաղթանակները կռող հերոս այրերն ու հրամանատարները:

Հայոց բանակին նվիրված երաժշտական կատարումներով հանդես եկան գրադարանի ակտիվ ընթերցողները: Միջոցառման ավարտին Գավառ  խոշորացված համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի կողմից շնորհակալագրերի արժանացան Արցախյան վերջին պատերազմի մասնակիցները՝ Գավառ համայնքի վարչական կազմում ընդգրկված բնակավայրերի բնակիչներ, արդեն զինծառայությունն ավարտած  զինվորներ Ալբերտ Ապկարյանը, Ավետիք Ավետիսյանը, Սամվել Ավետիսյանը, Արման Ասատրյանը, Գարիկ Ալեքսանյանը, Արտակ Ավետիսյանը, Կարեն Բաղդասարյանը, Ցոլակ Գասպարյանը, Արամ Գոզեյանը, Դավիթ Դավթյանը, Արկադի Դարբինյանը, Սեւակ Դավթյանը, Հրաչ Թաթոսյանը, Վիգեն Խաչիկյանը, Էդգար Կարապետյանը, Ռազմիկ Կարապետյանը, Մայիս Կնյազյանը, Շահեն Հարությունյանը, Սուրիկ Հարությունյանը, Ռուբեն Հարությունյանը, Մանուկ Հարությունյանը, Ռաֆայել Հայրապետյանը, Արման Հովհաննիսյանը, Արթուր Հակոբյանը, Էրիկ Հակոբյանը, Կարեն Մակարյանը, Վարդան Մարտիրոսյանը, Աշոտ Միրիբյանը, Վոլոդյա Իսրայելյանը, Հովիկ Պարոնյանը, Տարոն Պետրոսյանը, Ռոլանդ Պետրոսյանը, Սերյոժա Ջրաղացպանյանը, Վահե Սարգսյանը, Ռուդիկ Սարգսյանը, Հովհաննես Սարգսյանը, Կարեն Սարգսյանը, Էդգար Սիմոնյանը, Վարդգես Սուքիասյանը, Ֆրունզ Վանեցյանը, Միշա Տոնոյանը, Օհան Օհանյանը, Կարեն Օհանյանը, Գոռ Օհանյանը: Շնորհակալագրերը  հանձնեց Գավառի համայնքապետի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը:  

«Մենք խոնարհվում ենք մեր համայնքից հայրենիքի պաշտպանության մարտերում հերոսացած տղաների հիշատակի առաջ, սակայն ոչ մի ակնթարթ չենք անտեսում նաեւ նրանց, ովքեր մասնակցեցին Արցախյան վերջին պատերազմին ու վիրավոր կամ ողջ-առողջ տուն վերադարձան: Նրանք եւս մեր հերոսներն են, մեր սիրելի ու խիզախ զինվորները, մեծարանքի արժանի զինվորները: Առաջիկայում եւս Գավառի համայնքապետարանը կպարգեւատրի մեր բանակի մարտական  ուղին հարստացրած, հայրենիքի պաշտպանության համար կյանքեր ու ջանքեր դրած մեր զինվորներին: Փառք մեր բանակին, փառք նրա հրամանատարներին ու զինվորներին»,-նշեց Գրիգոր Դաշտոյանը:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին ու մոմեր վառեցին քաղաքային գրադարանում ստեղծված Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած գավառցի հերոսների  հուշանկյունում: «Այս հուշանկյունը մեզ համար դարձել է սրբացած անկյուն, մի վայր, որտեղ մենք ամեն օր աղոթք ենք մրմնջում, ծաղիկներ խոնարհում, մոմեր վառում, մտովի խոսում մեր հերոսների հետ՝ մեր ցավերն ամոքելու եւ նրանց գործերով հպարտանալու համար: Մենք նրանց պարտավոր ենք փառաբանել ամեն օր ու ամեն ժամ, նրանց ոգեղեն կերպարները միշտ կուղեկցեն մեզ»,-նշեց գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը:

Խոսրով Խլղաթյան    








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]