Եվրոպացի գիտնականներն իրենց հայտնաբերած քարաքոսի նոր տեսակն անվանակոչել են ի պատիվ հայ գիտնականի
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականներ Էմմանուել Սերյուզիոն, Նիկոլաս Մագեյնը և հոլանդացի գիտնական Պիտեր վան դեն Բումը հայտնաբերել են քարաքոսի Ramalina ցեղի նոր տեսակ և այն անվանակոչել ի պատիվ ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի քարաքոսերի հետազոտման ու պահպանության գիտական խմբի ղեկավար Արսեն Գասպարյանի՝ Ramalina arsenii:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԳԱԱ տարածած հաղորդագրությունից, եվրոպացի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակված են Քեմբրիջի համալսարանի կողմից տպագրվող «The Lichenologist» գիտական ամսագրում: Գիտական հոդվածում մասնավորապես նշված է.
«Այս նոր տեսակն անվանվել է մեր ականավոր գործընկեր դոկտոր Արսեն Գասպարյանի պատվին, ով վերանայել է Ramalina pollinaria քարաքոսերի խմբի դասակարգումը : Նա նաև հրապարակել է Հայաստանի էպիֆիտային քարաքոսերի վերաբերյալ հետաքրքիր մենագրություն»:
Նշվում է, որ Ramalina ցեղը շուրջ 200 տեսակի քարաքոսեր է պարունակում: Այս նոր տեսակը, որը հայտնաբերվել է ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի Ալպերում, միջին գոտիներում քարերի վրա աճող տեսակ է:
«Ինքս Հայաստանում հայտնաբերել եմ Ramalina ցեղի քարաքոսի 2 նոր տեսակ: Իմ գործընկերները, հաշվի առնելով այս իմ ներդրումը, այդ նոր տեսակն անվանակոչվել են իմ անունով», - ասել է Արսեն Գասպարյանը:
Իր դոկտորական աշխատանքի ընթացքում Արսեն Գասպարյանը քարաքոսերի լայնածավալ հետազոտություններ է կատարել Հայաստանի տարածքում:
«2011 թ-ին, երբ նոր էի սկսում իմ հետազոտությունները, ամբողջ Հայաստանից հայտնի էր քարաքոսի 422 տեսակ: Երբ եղավ իմ դոկտորական աշխատանքի ավարտական հրապարակումը, այդ թիվը հասել էր 617-ի: Ընդամենը մի քանի տարվա ինտենսիվ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվեց քարաքոսի 195 նոր տեսակ Հայաստանում և 5 նոր տեսակ՝ աշխարհում: Սա ցույց է տալիս, որ եթե կենսաբազմազանության ոլորտի այս կամ այն ճյուղը մի քանի տարի շարունակ ինտենսիվ հետազոտվի, տեսակների այն թվերը, որոնք մենք ունենք, մի քանի անգամ կարող են աճել», - ասել է Արսեն Գասպարյանը: