Հասարակական

Կորոնավիրուսով հիվանդների միայն 5-6 տոկոսը ունի հոսպիտալացման կարիք. Ավանեսյան 

2 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսով հիվանդների միայն 5-6 տոկոսը ունի հոսպիտալացման կարիք. Ավանեսյան 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում և ամբողջ աշխարհում նկատվում է «Օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարի խոսքով՝ այս շաբաթ պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում:

«Ինչ վերաբերում է հիվանդացածների շրջանում հոսպիտալացման տոկոսներին, այն տատանվում է 5-6 տոկոսի սահմաններում, այսինքն՝ հիվանդացածների 5-6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման: Սա միակ ուրախալի լուրն է այս ընթացքում, սրան են նպաստում ինչպես պատվաստվածների արդեն մեծաթիվ ընդգրկվածությունը, այնպես էլ շտամի որոշակի առանձնահատկությունները»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ արդեն առկա է հիվանդանոցային կարողությունների, մահճակալների ծավալման պլանը:

«Այս պահին մենք այն դեռ ամբողջովին չենք գործարկել և դա կանենք ըստ պահանջի: Ներկայումս վեց բժշկական կենտրոններ են ընդգրկված քովիդի բուժման մեջ: Ըստ կարիքի կծավալենք հավելյալ մահճակալային ֆոնդ»,- ընդգծեց նախարարը:

Նա նշեց, որ Հայաստանում շարունակում են ակտիվորեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ. առաջին դեղաչափ արդեն ստացել է քաղաքացիների 45,3 տոկոսը, երկրորդ դեղաչափը` 37 տոկոսը:

Նախարարը վստահեցրեց` պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են հիմնականում ասիմպտոմ, կամ սիմպտոմները թեթև են ու հարբուխի նշաններ են:

Ավանեսյանն ասաց, որ Հայաստանն ապահովված է պատվաստանյութերի բավարար պաշարով. կան բոլոր տեսակի պատվաստանյութերը, իսկ «Pfizer»-ը Հայաստանում կլինի առաջիկայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում