44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային մեղադրանք է առաջադրվել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ-ն 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում` 2020թ. հոկտեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում, հրաժարվել է կատարել զինվորական ծառայության առանձին` գնդի հրամանատարի պարտականությունները, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ ընդգծված է, որ ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք։
2022 թվականի հունվարի 19-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: