«Պատիվ ունեմ» խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու դիրքորոշում դեռևս չունի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու հարցով այս պահին դեռ հաստատված դիրքորոշում չունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցերին, թե կա՞ն արդյոք քննարկումներ՝ թեկնածու առաջադրել-չառաջադրելու վերաբերյալ և ո՞ր խմբակցության հետ են իրենք պատրաստվում համագործակցել:
«Մեր խմբակցությունը և խմբակցությունը ներկայացնող ուժերը, բնականաբար, առաջին հերթին պետք է այդ քննարկումները տանեն իրական ընդդիմադիր ուժերի հետ՝ հասկանալու թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, նաև իշխանության ներկայացրած թեկնածուի նկատմամբ իրենց դիրքորոշումը դրսևորելու վերաբերյալ: Այս պահին չկան հաստատված թեկնածուներ, մենք չունենք հաստատված դիրքորոշում՝ առաջադրելո՞ւ ենք, թե չենք առաջադրելու»,- ասաց Աբրահամյանը:
Նա խոստացավ, որ խմբակցությունն առաջիկայում հանդես կգա լրացուցիչ պարզաբանումներով: Աբրահամյանը միևնույն ժամանակ բացառեց այս հարցում իշխող ուժին աջակցելը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի որոշման մասին հայտնի էր դարձել հունվարի 23-ին: Հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում Արմեն Սարգսյանը գրավոր դիմումով հետ վերցնելու իրավունք ունի, իսկ եթե հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կկազմվի արձանագրություն, որը կստորագրի և կհրապարակի ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: