«Հայաստան» խմբակցությունը հակված է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելուն
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը նախագահի հնարավոր թեկնածուի առաջադրման հարցով դեռևս քննարկումների փուլում է, ավելի շատ հակված են թեկնածու առաջադրելուն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբակցության պատգամավորներն այս մասին ասացին խորհրդարանական ճեպազրույցում:
«Մենք ներկայումս քննարկման փուլում ենք, անպայման մեր որոշման մասին կտեղեկացնենք: Կոնկրետ չափանիշներով մեր առաջադրումը կհիմնավորենք, կներկայացնենք»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց՝ Սահմանադրությամբ նախագահի կարգավիճակից բխող լիազորությունները պետք է նկատի առնեն: «Նա պետք է ապահովի համահայկականությունը, համազգային ներուժի համախմբումը, մենք առաջնորդվում ենք այս մոտեցմամբ: Եվ ամենակարևոր հատկանիշներից մեկն այն է, որ թեկնածուն չպետք է լինի կուսակցական: Ինչ վերաբերում է կոնկրետ հիմնավորումներով թեկնածուին, առաջիկայում կներկայացնենք: Բայց, որ ներկայացնելու ենք՝ միանշանակ է»,-ասաց Մինասյանը:
Նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ ասաց, որ, իհարկե, ընդդիմությունը չի կարող անմասն մնալ այս պրոցեսներից: «Հակվածությունն ավելի շատ առաջադրելունն է: Բայց քննարկում, որպես այդպիսին, դաշինքում դեռևս տեղի չի ունեցել ոչ անձերի, ոչ ավելի խորը խնդիրների հետ կապված»,- ասաց Ագնեսա Խամոյանը:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտքին, որ ՀՀ նախագահի թեկնածուի հարցը քննարկելիս պետք է գնալ այնպիսի լուծումների, որ ՀՀ նախագահի, կառավարության, խորհրդարանական մեծամասնության միջև լինի ներդաշնակություն՝ Խամոյանը ենթադրում է, որ նախագահի պաշտոնում առաջադրվելու է իշխող թիմից որևէ մեկը:
Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի որոշման մասին հայտնի էր դարձել հունվարի 23-ին: Հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում Արմեն Սարգսյանը գրավոր դիմումով հետ վերցնելու իրավունք ունի, իսկ եթե ետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա կկազմվի արձանագրություն նրա լիազորությունների դադարեցման մասին, որը ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: