Քաղաքականություն

Ընդդիմությունում նախագահի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ կլինեն քննարկումներ․ Արամ Վարդևանյան

3 րոպեի ընթերցում

Ընդդիմությունում նախագահի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ կլինեն քննարկումներ․ Արամ Վարդևանյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախագահի թեկնածու կարող է առաջադրել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ¼-ը, հետևաբար նախագահի թեկնածու առաջադրելու գործիքակազմ ունի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականն իրենից առաջացնելու է կոնկրետ քաղաքական գործընթացներ։ Ըստ նրա՝ Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությունից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է շատ բարդ իրավիճակում, և ակնհայտ է, որ առկա են որոշակի նոր մարտահրավերների ռիսկեր։

Պատգամավորը խոսքով՝ երբ յոթօրյա ժամկետը լրանա, և նախագահը հետ չվերցնի իր կողմից ներկայացված դիմումը, այդ ժամանակվանից գործելու է նախագահի թեկնածու առաջադրելու հնգօրյա ժամկետ։

«Ընդդիմությունում այս հարցի վերաբերյալ քննարկումներ տեղի կունենան»,-ասաց պատգամավորը։

Արամ Վարդևանյանը նշեց, որ գործող Սահմանադրությունը թույլ էր տալիս օրենսդրական փոփոխությունների միջոցով Հանրապետության նախագահի տեղն ու դերը փոփոխելու, սակայն նման փոփոխություն չի եղել։ Պատգամավորի խոսքով՝ 4 տարիները ցույց են տվել, որ Հանրապետության նախագահը դժգոհում էր իր լիազորություններից՝ առանց ամբողջությամբ իրացնելու այդ լիազորությունները։

«Նախագահի ինստիտուտը կարող էր բավականին լուրջ ձևով կայանալ։ Ի վերջո, Հայաստանի նախագահի լիազորությունները ավելի շատ են, քան Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները։ Տեսել եք, թե ինչպիսի արդյունավետությամբ է գործում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը՝ ի պատիվ, իհարկե, Արման Թաթոյանի, բայց նաև տեսել եք, թե ինչպիսի իներտ և պասիվ էր Հանրապետության նախագահի ինստիտուտը։ Նախագահի ինստիտուտը կարող էր լինել արդյունավետ, բայց դա տեղի չի ունեցել։ Նախագահի ինստիտուտն այս 4 տարիների ընթացքում որևէ կերպ չկայացավ հենց նախագահի պասիվության, իներտության և իր լիազորություններից չօգտվելու հետևանքով: Հիմա էլ Արմեն Սարգսյանի հրաժարականը որոշակիորեն կարող է ընկալվել նաև որպես պատասխանատվությունից խուսափելու միջոց»,-եզրափակեց Վարդևանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում