Հասարակական

Ղազախստանը պատրաստ է քննարկել ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ տրամադրելու հարցը

2 րոպեի ընթերցում

Ղազախստանը պատրաստ է քննարկել ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ տրամադրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 21-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել երկրների միջև գործակցությունը, երկարամյա հարաբերությունների զարգացումն ու երկկողմ կապերի շարունակական ակտիվացումը:

Նախարարն անդրադարձել է COVID-19-ի համավարակով պայմանավորված իրավիճակին, նոր ալիքի բռնկմանը` վնասակար հետևանքներով, համավարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներին ու պատվաստումների ակտիվ գործընթացին:

Բոլատ Իմանբաևը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին Հայաստանում COVID-19 համավարակի դեմ տարվող աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու, ինչպես նաև առաջացած խնդիրներին արագ արձագանքելու համար:

«Շատ եմ կարևորում հայ-ղազախական գործակցությունը, որով երկկողմ բարեկամական հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն նոր հեռանկարների, նոր հնարավորությունների և համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհին»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:

Դեսպանը ներկայացրել է, որ Ղազախստանն արդեն իսկ COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրություն ունի և պատրաստակամություն է հայտնել քննարկելու Հայաստանին տրամադրելու հնարավորության հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում