Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-42/21. Եսայեան, Քիքոձե, Սաբատինի, Մալեվիչ

«Նոր գիրք»-42/21. Եսայեան, Քիքոձե, Սաբատինի, Մալեվիչ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականի վերջին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

 

Հայ հեղինակ
Զապէլ Եսայեան, «Սիլիհտարի պարտէզները»

«Սփյուռք» մատենաշարի այս հատորով լույս է տեսնում Զապէլ Եսայեանի «Սիլիհտարի պարտէզները» ինքնակենսագրական վեպը:

«Արևմտահայ գրականութեան ամենէն կատարեալ գրագէտներէն մէկն է Եսայեան, եթէ ոչ ամենէն կատարեալը։ Իբրեւ տաղանդ եւ իբրեւ գործունէութիւն․․․ Զ․ Եսայեանի մէջ հայ գրականութեան ամենէն սխրալի շնորհները, կանացի զգայնութեան ամենէն սրտայոյզ խռովքները եւ մեր ժողովուրդի հոգին ամենէն խորունկ սարսուռները իրարու կը միանան։ Անիկա խղճմտանք մըն է, սիրտ մըն է, միտք մըն է հաւասար ամրութեամբ եւ արդարութեամբ․․․»,-նշում է Յակոբ Օշականը։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

 

 

Թարգմանական գրականություն
Արչիլ Քիքոձե,  «Հարավային փիղը»

 

«Հարավային փիղը» ուրբանիստական վեպ է, որի գործողությունները տեղի են ունենում մեկ օրում: Ռեժիսորը, որն այլևս երբեք ֆիլմ չի նկարահանի, իր բնակարանը տրամադրում է ընկերոջը՝ սիրելի կնոջը հանդիպելու համար, իսկ ինքը թափառում է Թբիլիսիի փողոցներում: Վեպն անցյալի հայելուն նայելու և կյանքը վերագնահատելու փորձ է։ Նրա էջերում կինոկադրերի նման անցնում են մանկությունը, սերը, կիրքը, փորձանքներն ու ողբերգությունները:

 

Գլխավոր հերոսի հուշերի ֆոնին բացվում է Վրաստանի նորագույն պատմությունը, որը պատմողին հետապնդում է ուրվականի նման՝ պատասխանատվության ենթարկելով շուրջը կատարված ամեն ինչի պատճառով: Վեպն ամփոփում է ինչպես անձնական փորձառություններ, այնպես էլ պատմաքաղաքական իրադարձություններ` Ստալինյան դարաշրջանից մինչև 1990-ականների քաղաքացիական պատերազմները: Քիքոձեն, որի արձակն իրավամբ ինտելեկտուալ է, հայ ընթերցողին ներկայանում է առաջին անգամ։ Վրացերենից թարգմանությունը՝ Ասյա Դարբինյանի։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը:

 

 

Մանկապատանեկան գրականություն
Ռաֆայել Սաբատինի, «Նավապետ Բլադի ոդիսականը»

                     

Անգլիացի գրող Ռաֆայել Սաբատինին արկածային վեպ է գրել 17-րդ դարի վերջերի պատմական նյութերի հիման վրա: Փիթեր Բլադ անունով մի բժիշկ, ծագումով իռլանդացի, իր համար անսպասելի մասնակցում է անգլիական Հակոբ II թագավորի դեմ բռնկված ապստամբությանը, ինչի համար նրան աքսորում են Վեստ Ինդիա`տաժանակրության: Անողոք ստրկությունից ազատվելու միակ ճանապարհը ծովահեն, այսինքն`ծովային ավազակ դառնալն է: Եվ Փիթեր Բլադն իր ընկերների հետ փախչում է գերությունից, նրանք իսպանական մի նավ են գրավում ու դառնում Կարիբյան ծովի ծովահեններ:

Նավապետ Բլադը զավթում է թագավորական նավեր, սակայն այդ նավերի հասարակ նավաստիներին նա միշտ խնայում է: Նա պայքարում է միայն գաղութարարների ու թագավորական իշխանության ներկայացուցիչների դեմ:

Նավապետ Բլադի հետաքրքիր արկածների մասին էլ հենց պատմում է այս գիրքը։ Թարգմանությունը ռուսերենից՝ Մ. Մաքսապետյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

 

 

Փաստավավերագրական գրականություն
Կազիմիր Մալեվիչ, «Սև քառակուսին»

                      

20-րդ դարում անհնար է արվեստը հասկանալ առանց կոնտեքստի։ Այժմ գեղանկարչության յուրաքանչյուր ուղղություն ունի իր տեսությունը։ Հենց արվեստը հասկանալու մասին է այս գիրքը։ Ի վերջո ի՞նչ է նրա ամենահայտնի կտավը՝ «Սև քառակուսին»։ Ո՞րն է դրա արժեքը։ Արվեստի երկու նոր տեսակները՝ լուսանկարչությունն ու կինեմատոգրաֆը, որոնք առաջացան 19-րդ ու 20-րդ դարերի խաչմերուկին, դասական գեղանկարչությունից վերցրին դիմանկարներ և բնապատկերներ ստեղծելու գործի մեծ մասը։ Եվ գլխավորապես ֆոտոն սկսեց իրեր և ձևեր պատկերել։ Այսինքն՝ աշխարհը կտավի վրա ճշգրիտ պատկերելու կարիք այլևս չկար։ Հենց այդ ժամանակ էլ Մալեվիչն առաջարկեց գեղանկարչության նոր ձև՝ սուպրեմատիզմ։ Ըստ այդմ՝ արվեստը պետք է լինի առանց սահմանների, կանոնների, պետք է առաջադրի միտք ու բովանդակություն, մերժի իրականության սոսկական պատճենումը։ «Սև քառակուսին» դարձավ մանիֆեստ, շրջադարձային կետ՝ անցյալում թողնելով դասական արվեստը։ Այս գրքում Մալեվիչը բացատրում ու հիմնավորում է իր որոշումը, ներկայացնում արվեստի զարգացման մասին իր պատկերացումը։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am