Հասարակական

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Լանջաղբյուր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

2 րոպեի ընթերցում

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Լանջաղբյուր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լանջաղբյուր համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները:

«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, տեղեկանալով, որ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող երկու տարբեր ընկերություններ ցանկանում են համայնքի վարչական տարածքում ալեհավաք տեղակայել և դրա համար կնքել հողի վարձակալության պայմանագիր, շահադիտական դրդումներից ելնելով, համայնքի ավագանու որոշումների հիման վրա հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն ունեցող երկու հողամաս աճուրդով վաճառել է կնոջը: Վերջինս, ստանալով նշված հողամասերի սեփականության իրավունքի վկայականները, դրանք տվել է վարձակալության վերոնշյալ ընկերություններին՝ տարեկան 480000 և 720000 ՀՀ դրամ վարձավճարով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լանջաղբյուր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում