Պաշտոնական

Հակոբ Արշակյանը հյուրընկալել է «Վայլդբերիզ» ընկերության սեփականատեր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկին

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը հյուրընկալել է «Վայլդբերիզ» ընկերության սեփականատեր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով Հայաստան է ժամանել «Վայլդբերիզ» (Wildberries) խոշորագույն ռուսական առցանց պլատֆորմի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, դեկտեմբերի 27-ին Ազգային ժողովում «Վայլդբերիզ» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարը, ինչպես նաև դրա շուրջ իրավական դաշտի զարգացման հնարավորությունը՝ միջազգային առևտրաշրջանառության զարգացմանը համահունչ:

Հակոբ Արշակյանը կարևորել է ապրանքների և ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացումը՝ անկախ աշխարհագրական վայրից, ինչպես նաև՝ տեղական արտադրողների ապրանքները միջազգային շուկա արտահանելու հնարավորությունների զարգացումը: Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի ազգային փոստային օպերատորի՝ «ՀայՓոստի» հետ համագործակցության զարգացումը:

Տատյանա Բակալչուկը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և գոհունակությամբ արձանագրել հայ արտադրողների արտադրանքի վաճառքի ծավալների աճը «Վայլդբերիզի» միջոցով, որը հասնում է տարեկան շուրջ 8 միլիոն ԱՄՆ դոլարի և տարեցտարի աճում է երկնիշ ցուցանիշով: «ՀայՓոստի» հետ համագործակցության վերաբերյալ նշվել է, որ 2022 թ. պլանավորվում է համագործակցել ավելի քան 60 նոր մասնաճյուղերում:

«Վայլդբերիզ» ընկերությունն էլեկտրոնային առևտրի առաջատարն է ԵԱՏՄ տարածքում, որի շրջանառությունը 2020 թ. կազմել է ավելի քան 6 մլրդ ԱՄՆ դոլար: Ընկերությունն առևտրային գործունեություն է ծավալում աշխարհի 19 երկրում:

Հայաստանում «Վայլդբերիզ» ընկերությունը նախատեսում է իրականացնել լայնածավալ ներդրումներ՝ կառուցելով նոր լոգիստիկ կենտրոն:

Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ և համագործակցության հուշագրի ստորագրում «Վայլդբերիզ» ընկերության և «ՀայՓոստի» միջև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում