Հասարակական

Մարզերում 2021-ին ջերմաարդիականացվել է 80-ից ավելի բազմաբնակարան շենք. ՀՀ շրջակա միջավայրի նախարար

5 րոպեի ընթերցում

Մարզերում 2021-ին ջերմաարդիականացվել է 80-ից ավելի բազմաբնակարան շենք. ՀՀ շրջակա միջավայրի նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի խորհուրդը դեկտեմբերի 23-ին նիստ է գումարել։

Խորհրդի նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը (Ծրագրի խորհրդի համանախագահ), Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին (Ծրագրի խորհրդի համանախագահ), Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, նախքան նիստի մեկնարկը հաստատվել է Ծրագրի խորհրդի փոփոխված կազմը և օրակարգը։

Ըստ աղբյուրի՝ բացման խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որդեգրելով կայուն զարգացման քաղաքականությունը, կարևորում է շրջակա միջավայրի պահպանության, տնտեսության զարգացման և սոցիալական պաշտպանության ներդաշնակեցումը: Այդ մոտեցումը լիարժեք արտացոլվում է էներգաարդյունավետության խթանման միջոցառումներում՝ լինի դա շենքերում, տրանսպորտում, արդյունաբերությունում կամ գյուղատնտեսությունում:

Այս համատեքստում չափազանց կարևորվում է շենքերում և մասնավորապես բնակարանային սեկտորում էներգիայի սպառման նվազեցմանը միտված Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից ֆինանսավորված 20 մլն դոլարի դրամաշնորհային այս ծրագրի գործունեությունը»,- նշել է նախարարը։

Նշվում է, որ ծրագրի բնապահպանական նպատակն է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, որոնք առաջանում են շենքերում էներգասպառումից, ինչը կազմում է Հայաստանի Հանրապետությունում սպառված էներգիայի 37 տոկոսը: Սակայն ակնհայտ է, որ շենքերում էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, բացի սոցիալական օգուտներից, համապատասխանում է նաև մեր երկրի էներգետիկ անկախության բարձրացմանը և շենքային ֆոնդի պահպանության քաղաքականությանը:

Այս տարի Ծրագիրն ապահովել է արդյունավետ համագործակցություն Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ Պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ մարզերի քաղաքային համայնքներում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման առումով:

«ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, որպես Ծրագիրը համակարգող գերատեսչություն, ամենայն պատասխանատվությամբ գիտակցում է այս ծրագրի հաջող իրականացման կարևորությունը, որի իրականացման հաջողությունը մեծ չափով կախված է պետության-տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի համագործակցությունից։

Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2021-2026թթ․ նոր ծրագրում կապիտալ շինարարության և վերակառուցման ծրագրերի կարևորումը, գործընկերներին հորդորում եմ ավելի սերտացնել համագործակցությունը Ծրագրի հետ, նպաստելով դպրոցների, մանկապարտեզների և սոցիալական նշանակության շենքերի վերակառուցման ծրագրերում էներգաարդյունավետության միջոցառումների լիարժեք ներառմանը:

Պակաս կարևոր չէ նաև պետական և համայնքային համագործակցությունը, որն 2020թ.-ին բավականին դրական արդյունքներ արձանագրեց՝ մարզերում ջերմաարդիականացնելով 80-ից ավելի բազմաբնակարան շենքեր և շինարարական աշխուժություն ներմուծելով համայնքներ»,- իր ելույթում նշել է նախարար Սիմիդյանը։

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

ԱԶԾ-ԿԿՀ Ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը ներկայացրել է 2021 թվականի համար Ծրագրի առաջընթացի հաշվետվությունը և առաջիկա գործողությունները, առկա խնդիրները, մարտահրավերներն ու խոչընդոտները, որին հաջորդել է ընդլայնված քննարկում։

Ամփոփելով խորհրդի նիստը, նախարարը ՀՀ կառավարության և մասնավորապես՝ Շրջակա միջավայրի նախարարության անունից հավաստիացրել է, որ կգործադրվեն հնարավոր բոլոր ջանքերը Ծրագրի անխոչընդոտ և պատշաճ իրականացման համար. «Ծրագրի արդյունքները ունեն բոլոր նախադրյալները ծառայելու որպես երաշխիք Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից նոր ռեսուրսների ներգրավման համար՝ ի բարօրություն մեր երկրի հանրությանը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում