Պետությունը 2022-ին ֆինանսավորում կհատկացնի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1600 երեխաների
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախադպրոցական կրթության հասանելիության ապահովման նպատակով 2021-ին առաջին անգամ գործարկվել են մի շարք ծրագրեր. գործարկված մոդուլային մանկապարտեզների ծրագրի շրջանակում կառավարությունը հաստատել է 20 բնակավայրերի ցանկ, որտեղ իրականացվում են անհրաժեշտ աշխատանքները՝ մոդուլային մանկապարտեզների կառուցման համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նա հիշեցրեց, որբացի այդ՝ պետական բյուջեի միջոցներով հաստատվել և առաջին անգամ 10 բնակավայրերում ներդրվել է նախադպրոցական այլընտրանքային ծառայությունների ծրագիրը, որով նախադպրոցական ծառայությունների ստեղծման համար բնակավայրերին տրամադրվել են դրամաշնորհներ՝ յուրաքանչյուրին՝ շուրջ 7,8 մլն ՀՀ դրամի չափով շինությունների վերանորոգման, կահավորման և անհրաժեշտ այլ աշխատանքների իրականացման համար։
«Հասանելիության տեսանկյունից առանցքային նշանակություն ուներ նախադպրոցական հաստատություններում պետական բյուջեից մեկ սանի ֆինանսավորման կարգի հաստատումը կառավարության կողմից, ինչը հնարավորություն է ստեղծում պետական ֆինանսավորում հատկացնելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, աջակցելու զինծառայողների երեխաների՝ նախադպրոցական կրթություն ստանալուն։ Այս շրջանակում արդեն 2022-ի սեպտեմբերից ֆինանսավորում կհատկացվի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի քան 1600 երեխաների համար»-ասաց նախարարը։
Անդրեասյանն ընդգծեց, որ առաջին անգամ հաստատվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը՝ որպես կառավարության որոշում։ Չափորոշչի հիման վրա մշակվել են նախադպրոցական կրթության կրթական ծրագրերը, որոնք հաստատվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ փորձարկման համար։
Փորձարկումը կիրականացվի Երևանի և մարզերի 60 հաստատություններում։ Այս գործողությունների շնորհիվ էապես կբարձրանա նախադպրոցական կրթության որակը՝ ապահովելով մանկապարտեզից դպրոց հարթ անցումը։
Նախարարը նաև խիստ կարևորեց կադրերի մասնագիտական որակավորման, ընտրության և նշանակման գործընթացների միասնականացումն ու բարելավումը: «Այս նպատակով մշակվել են մի շարք կարգեր՝ նախադպրոցական հաստատության մանկավարժի ընտրության կարգը, որով նախատեսվում է մրցութային գործընթաց, տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգը, որի համաձայն՝ արդեն եկող տարվանից նախադպրոցական հաստատությունների տնօրենները կանցնեն հավաստագրման գործընթաց։ Տարբեր ծրագրերի շրջանակում նախադպրոցական հաստատությունների համար իրականացվել են վերապատրաստման ծրագրեր, իսկ սկսած 2022-ից՝ վերապատրաստումը կդառնա պարբերական պետական ծրագիր։ Հետագայում կներդրվի նաև ատեստավորման համակարգ՝ աշխատավարձի բարձրացման հնարավորությամբ, որը ներկայումս քննարկվում է։ Սահմանվել է նախադպրոցական հաստատություններում սաների ընդունելության կարգը, որով միասնականացվել է ոլորտի քաղաքականությունը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։