«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ին ներկայացվել է 14 մլն դրամի հատուցման պահանջ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները արձանագրել են մի շարք խախտումներ։
«Ընկերությանը պատկանող «Ամբերդ-1», «Ամբերդ-2» և «Ամբերդ-3» ՓՀԷԿ-երը խախտել են տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները, իրականացնելով ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ ՓՀԷԿ-երում տեղադրված ուլտրաձայնային ջրաչափերը չեն գործել:
Վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները ներկայացվել են սահմանված կարգի խախատմամբ և աղավաղմամբ։
«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 530.000 ՀՀ դր. չափով, իսկ ներկայացված վնասի հատուցման պահանջի չափը կազմել է 14.259.226 ՀՀ դր.։