Հասարակական

Մ․ Գորկու անվան թիվ 5 դպրոցում հիմնանորոգումից հետո գործելու են կրթական պահանջներին համահունչ լաբորատորիաներ

3 րոպեի ընթերցում

Մ․ Գորկու անվան թիվ 5 դպրոցում հիմնանորոգումից հետո գործելու են կրթական պահանջներին համահունչ լաբորատորիաներ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Վաղարշապատի Մ․ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցը։ Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը պատմեց՝ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում դպրոցի 3 մասնաշենքերը ամբողջովին հիմնանորոգվել են. երեք մասնաշենքերում ամեն ինչ նոր է և արդիական, մեծ, լուսավոր ու հարմարավետ են դասարաններն ու միջանցքները, լաբորատորիաներն ու հանդիսությունների սրահը: «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում կառուցվել է մարզադահլիճ, ստեղծվել ժամանակակից կահավորմամբ բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ: Ժամանակակից կահավորմանը զուգահեռ քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներում իրականացվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքներ:

«Առաջին հերթին շենքը հիմա ապահով է, անվտանգ։ Երկրորդ՝ կրթական պահանջներին համահունչ լաբորատորիաներ ունենք, դասասենյակները կահավորված են։ Ջեռուցման վիճակը, սանհանգույցների նորմալ վիճակը շատ ողջունելի է։ Առաջ չունեինք մշակութային միջոցառումներ անցկացնելու համար որևէ սրահ։ Ֆիզկուլտուրայի դասերն էլ անցկացրել ենք միջանցքներում։ Այժմ այս և այլ խնդիրների չենք բախվի»,- նշեց Սաֆարյանը։

Դպրոցը նաև հաճելի վայր է դարձել աշակերտների համար։ Աշակերտներից մեկը ներկայացրեց իր հեղինակային համակարգչային ծրագիրը, որի վրա համադասարանցիների հետ միասին էին աշխատել։ Աշակերտներից ոմանք էլ խոսեցին դպրոցի նախկին և ներկա վիճակից, ընդգծեցին, թե ինչ առավելություններ ունի վերաբացված դպրոցը։

«Տարբերությունները շատ են։ Լաբորատորիաների մասին խոսք անգամ գնալ չէր կարող։ Այժմ 3 լաբորատորիա ունենք՝ աշխարհագրության, քիմիայի և կենսաբանության։ Կան նաև արհեստագործական լաբորատորիաներ։ Ունենք յոթ ենթահոսք՝ լեզվաբանական, պատվաիրավաբանական, տնտեսագիտական, ֆիզմաթ, բնագիտական, ռուսական և արհեստագործական։ Վստահ եմ, որ պայմանների բարելավումը կրթական որակի վրա դրական ազդեցություն է ունենալու»,- նշեց դպրոցի՝ 12-րդ դասարանում սովորողներից մեկը։

Տնօրենը պատմեց, որ կատարվել են դպրոցի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ ևս: Հիմնանորոգման նախագծերը մշակելիս՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքն ունի հարմարեցված միջավայր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում