Հասարակական

ՀՀ գլխավոր դատախազը մասնակցում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովին

2 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազը մասնակցում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում՝ մասնակցելու Շարմ Էլ Շեյխում դեկտեմբերի 13-ին մեկնարկող Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանի 5-օրյա աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, համաժողովի ընթացքում քննարկվելու են անդամ երկրների կողմից Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցները, դրա ընթացքում ի հայտ եկած հիմնական խնդիրները:

Մասնավորապես, թիրախային հարցերից են Համաժողովի կողմից ընդունված համապատասխան հռչակագրերի համաձայն անդամ երկրների կողմից կոռուպցիայի կանխարգելման պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը, կոռուպցիայի միջոցով ստացված ապօրինի եկամուտների, ակտիվների վերադարձման մեխանիզմների կատարելագործումը և այս ոլորտում միջազգային առաջադեմ փորձը, կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն պայքարի հետ կապված ընդհանուր մարտահրավերները և դրանց հաղթահարման միջոցները, նշված բոլոր ոլորտներում միջազգային համագործակցությունը և դրա շրջանակներում անդամ երկրների միջև իրավական փոխօգնության կառուցակարգերի զարգացումը, ինչպես նաև այլ խնդիրներ:

Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազը հանդես կգա ելույթով` ներկայացնելով Հայաստանում հակակոռուպցիոն համալիր՝ ինչպես օրենսդրական, այնպես էլ ինստիտուցիոնալ բարեփոխումների նպատակներն ու ընթացքը, անդրազգային կոռուպցիայի, փողերի լվացման և ապօրինի շրջանառության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման ՀՀ դատախազության տեսլականը:

Աշխատանքային այցի և համաժողովին մասնակցության շրջանակներում նախատեսված են ՀՀ գլխավոր դատախազի՝ երկկողմ ձևաչափով մի շարք հանդիպումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում