Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունվար

Հայհոյանքն ապաքրեականացնելու նախագիծն ընդդիմությունը համարել է առաջնահերթ. այն ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգ

Հայհոյանքն ապաքրեականացնելու նախագիծն ընդդիմությունը համարել է 
առաջնահերթ. այն ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը ապաքրեականացնելու վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախագիծը, որին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն, ընդգրկվել է լիագումար նիստերի օրակարգ, քանի որ խմբակցությունը նախագիծը համարել է առաջնահերթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծեր փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը:

Վարդանյանը հիշեցրեց, որ նախորդ գումարման ԱԺ-ն հուլիսին ընդունել է իշխանական պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը ծանր վիրավորանքի՝ հայհոյանքի քրեականացման վերաբերյալ, որն արդեն գործում է: Ըստ պատգամավորի՝ այդ օրենքն ունի լրջագույն խնդիրներ Սահմանադրության և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ: «Հայհոյանքի քրեականացումը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդել, իրականում ունեցել է մեկ նպատակ՝ քրեաիրավական միջոցների և ընթացակարգերի գործադրման սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը՝ հատկապես հանրային պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում»,- ասաց Վարդանյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ ՄԻՊ-ն այս օրենքի սահմանադրականությունը վիճարկել է ՍԴ-ում:

«Այս օրենքն իր նպատակին չի ծառայելու: Մերժելով հայհոյանքը, հայհոյախոսությունը՝ մենք պետք է ոչ թե սպառնալիքով, քրեական հետևանքներով փորձենք սա դադարեցնել, այլ պետք է փորձենք օրինակ ծառայել: Ինչպես երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն են իրենց պահում, հասարակությունն էլ այդպես է պահելու»,- ասաց պատգամավորը:

Այսպիսով, Վարդանյանն առաջարկում է օրենքից հանել 137.1 հոդվածը, որով քրեականացվել էր անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ անպարկեշտ, լկտի եղանակով վիրավորելը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՔՊ անդամ Վահագն Հովակիմյանը խնդրեց պարզաբանել, թե ինչ կապ ունի հայհոյանքը խոսքի ազատության հետ: Նա հիշեցրեց, որ նախագիծը քննարկվել է հանձնաժողվում և ստացել բացասական եզրակացություն: «Բայց խորհրդարանի լիագումար նիստում մենք քննարկում ենք այն, քանի որ «Հայաստան» խմբակցության որոշմամբ՝ համարվել է առաջնահերթ»,- ասաց նա:

Այդ գործիքից ընդդիմությունը կարող է օգտվել, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: «Հաշվի առնելով, որ մեր ընդդիմադիր գործընկերներն այս գործիքից օգտվել են հենց այս նախագծի հետ կապված, կարել է համարել, որ իրենց համար այսօրվա մեր քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը հենց այս խնդիրն է:

Անդրադառնալով Վարդանյանի մտահոգությանը, թե այդ օրենքն ընդունվել է մեկ մարդու համար՝ Հովակիմյանը նշեց, որ 137.1 հոդվածով քննություն իրականացվել է 106 դեպքում: Անձի պաշտոնական դիրքով, ծառայությամբ պայմանավորված ծանր վիրավորանքի հարցով եղել է դրանցից ընդամենը 18-ը: «Այսինքն՝ 88 դեպքում քաղաքացիները, օգտվելով օրենքով իրենց տրված հնարավորությունից, դիմել են իրավապահներին: Հիմա օրենքն աշխատո՞ւմ է, թե՞ չի աշխատում, արդյոք մեկ անձի համա՞ր է աշխատում»,-ասաց Հովակիմյանը:

Նախագծի առնչությամբ պատգամավորները ակտիվ և սուր ելույթներ են ունենում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]