Փոխվարչապետը և ԱԶԲ-ի Հայաստանի գրասենյակի տնօրենը քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից, փոխվարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև հաստատված հաջող գործընկերությունը՝ նշելով, որ այն արդյունավետ է եղել ինչպես ենթակառուցվածքների ու մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի հարցում:
«Պաոլո Սպանտիգատին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շնորհավորելով Համբարձում Մաթևոսյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագիրը: Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է այն՝ ակտիվ աշխատանքներ տանելով դրա 2-րդ և 3-րդ տրանշները ավարտին հասցնելու ուղղությամբ: Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ ծրագրի հարավային հատվածի շինարարությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, ինչն առավել ընդգծում է դրա ուղղությամբ ակտիվ աշխատանքների անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին», որով նախատեսված է եղել կառուցել և ամրացնել 46 դպրոց: Շեշտելով առողջապահության և կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը՝ փոխվարչապետը բարձր է գնահատել կորոնավիրուսի համավարակի պայմաններում ԱԶԲ-ի տրամադրած աջակցությունը ինչպես բժշկական կարողությունները զարգացնելու, այնպես էլ ճգնաժամային պայմաններում հեռավար կրթության անցման ուղղությամբ:
Նշվում է, որ հանդիպման օրակարգում է եղել նաև պետություն-մասնավոր գործընկերության հարցը: Համբարձում Մաթևոսյանը ուշադրություն է հրավիրել մասնավոր հատվածում ԱԶԲ-ի կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերի ավելացման անհրաժեշտության վրա՝ հաշվի առնելով նոր օրենսդրական դաշտի առկայության և այդ ասպարեզում ԱԶԲ-ի կողմից միջազգային լավագույն փորձին տիրապետելու հանգամանքները: