ՏԻՄ ընտրությունների որակը, երբ քաղաքացին տեր է և որոշող, ի կատար է ածված. Փաշինյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ նշելով, որ ՏԻՄ ընտրությունների որակը, երբ քաղաքացին տեր է եւ որոշող, ի կատար է ածված:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝Փաշինյանն իր «Ֆեյսբուք»-ի էջում մասնավորապես գրել է. «Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է եւ Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված: Գիտեմ եւ հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա եւ կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձեւավորվող պետական դիմակայունության համակարգը եւ շղթայական ռեակցիաներով հանգեցնել անվտանգային աղետների»:
Վարչապետը շեշտել է՝ պետականություն եւ պետական ինստիտուտներ. սա պետք է լինի ապագայի երաշխիքը:
Հայաստանի տարբեր մարզերի 36 համայնքներում դեկտեմբերի 5-ին կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: