ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, հետ չմնալով միջազգային թրենդներից, վերջին տարաներին ավելի ակտիվ է մասնակցում «Սև ուրբաթ» նախաձեռնությանը: Օրվան միանում են ոչ միայն կենցաղային և այլ իրեր վաճառող խանութները, այլև բիզնես, զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունները:
«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է մարքեթինգի մասնագետի, տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ զեղչեր են առաջարկում նրանք և որքանով է Հայաստանում լայն տարածում գտել «Սև ուրբաթը»:
Մարքեթինգի մասնագետ Ռոման Դանեղյանը վստահեցնում է, որ Հայաստանում«Սև ուրբաթը» շատ մեծ տարածում է ստացել, և մարդիկ սպասում են այդ օրվան։ «Երբ ասում էինք զեղչեր, հիմնականում մտածում էինք էլեկտրոնիկային ապրանքների, հագուստի և այլնի մասին, իսկ հիմա ակցիաներ են անցկացնում նաև բիզնես, մարքեթինգային և այլ ծառայություններ մատուցող ընկերությունները։ Սա, իհարկե, փաստում է, որ Հայաստանում «Սև ուրբաթը» մեծ տարածում է գտել»,- նշում է մասնագետը։
Նրա խոսքով՝ «Սև ուրբաթի» շրջանակում պրոդուկտները լուրջ սպառում ունեն, սակայն հստակ թվեր հնարավոր չէ նշել։«Իրականում ոչ բոլոր ընկերություններն ու խանութներն են միանում «Սև ուրբաթ»-ին։ Հավանաբար, նրանց ռազմավարությունն այլ է։ Օրինակ՝ նպատակահարմար են գտնում ամանորյա զեղչեր կիրառել»,- ընդգծում է Դանեղյանը։
Ռոման Դանեղյանը դժվարանում է ասել, թե օրվա շրջանակում ներկայացված զեղչերը որքանով են իրական: «Ընկերություններն ու խանութներն են որոշում՝ ինչպես վարվել հաճախորդների կամ պոտենցիալ հաճախորդների հետ։ Եթե իրական գնիջեցում չլինի, հնարավոր է՝ գնորդները հիասթափվեն, ինչի համար խորհուրդ է տրվում իրական զեղչեր սահմանել։ Եթե շահութաբերության հարց է առաջացել, անհրաժեշտ է այնպիսի զեղչեր ներկայացնել, որոնք չեն հիասթափեցնի հաճախորդներին»,- շեշտում է Դանեղյանը:
Հայկական «DANZ» ապրանքանիշը, որը հանրությանն է ներկայացնում արևային, օպտիկական ակնոցների և շրջանակների լայն տեսականի, գործունեության սկզբնական շրջանից ի վեր մասնակցում է «Սև ուրբաթ» նախաձեռնությանը: 2021-ը ևս բացառություն չէ:
Ապրանքանիշը «Սև ուրբաթ»-ին է միացել նոյեմբերի 25-ից: 50 տոկոս զեղչը, որը գործում է ամբողջ տեսականու համար, կպահպանվի մինչև նոյեմբերի 28-ը:
Ընկերության օնլայն վաճառքների պատասխանատու Սյուզաննա Պարունակյանի խոսքով՝ զեղչերն առավել են մեծացնում հետաքրքրությունը ապրանքանիշի նկատմամբ: «Կարծում եմ՝ ճիշտ ռազմավարության դեպքում «Սև ուրբաթը» դրական ազդեցություն է ունենում վաճառքների վրա: Մենք միշտ հրապարակում ենք նախնական գները, և հասարակության համար գաղտնիք չէ, որ զեղչերն իրական են»,-շեշտում է նա:
Պարունակյանը նշում է՝ սպառողն առավել սիրում է այցելել խանութներ, սակայն օնլայն հարթակում ակտիվություն ևս կա:
«Զանգակ» գրատունը ևս մասնակցում է «Սև ուրբաթին»: Գրատունը զեղչեր է սահմանել և՛ օֆլայն, և՛ օնլայն հարթակներում: «Մենք երկու տեսակի զեղչ ունենք. մեկը zangakbookstore.am կայքում, որտեղ ներկայացված բոլոր գրքերը զեղչվել են 20-ից 50 տոկոսով: Ակցիան մեկնարկել է նոյեմբերի 24-ին և կտևի մինչև նոյեմբերի 28-ը: Օնլայն հարթակում զեղչերը երկար են պահպանվելու, քանի որ ցանկանում ենք խուսափել համավարակից, իսկ գրատանը նախաձեռնության շրջանակում 50 տոկոսով զեղչվում է ամեն երկրորդ գիրքը, հիսուն տոկոսով զեղչվում է նաև հատուկ տեսականին»,-տեղեկացնում է գրատան հանրային կապերի և մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանը:
Գրատունն արդեն մի քանի տարի է մասնակցում «Սև ուրբաթին» և ամեն անգամ հետաքրքիր ակցիաներ է իրականացնում: Շատ ընթերցողներ սպասում են իրենց գրադարանը համալրելուն: Օհանյանը փաստում է՝ «Սև ուրբաթին» «Զանգակը» հաճախորդների պակաս չի ունենում:
Ավանդույթի համաձայն՝ «Սև ուրբաթը»կազմակերպվում Է ԱՄՆ-ում Գոհաբանության տոնի առթիվ: Հենց «Սև ուրբաթ» նախաձեռնությամբ մեկնարկում է ավանդական ամանորի զեղչերի տոնավաճառը:
«Սև ուրբաթ» կազմակերպելու ավանդույթը հաստատվել է դեռևս 19-րդ դարում, իսկ տերմինը՝ «Սև ուրբաթ», ի հայտ է եկել 1966 թվականին և օգտագործվում էր հիմնականում ԱՄՆ-ի արևելյան մասում։ «Սև ուրբաթը» չի համարվում ավանդական տոն, բայց աշխատողների մեծամասնությունն այդ օրն արձակուրդ է վերցնում, բացառությամբ մանրածախ առևտրիաշխատակիցներից, քանի որ այդ օրը գնորդների թիվը զգալիորեն մեծանում է։ «Սև ուրբաթին» խանութները բացվում են շատ շուտ, իսկ որոշ մեծ առևտրային կենտրոններ՝ նույնիսկ կեսգիշերին։ Առաջին գնորդներին առաջարկվում են մեծ զեղչեր՝ 50-80%. դա արվում է նրա համար, որ խանութ ներգրավեն ավելի շատ գնորդների։