Հասարակական

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Բրյուսելում կքննարկեն նաև գերիների հետ կապված հարցերը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Բրյուսելում կքննարկեն նաև գերիների հետ կապված հարցերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն նաև հումանիտար հարցեր, այդ թվում՝ գերիների հետ կապված հարցերը: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին այն մասին, թե ի՞նչ ակնկալիքներ կան Բրյուսելում նախատեսվող հանդիպումից՝ Արցախյան հիմնախնդրի խաղաղ բանակցային գործընթացի, Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորման մասով, նախատեսվո՞ւմ է արդյոք գերիների վերադարձի հարցի քննարկում, ի՞նչ սպասելիքներ կան:

«Կարևոր նրբությունը հետևյալն է, որ մենք, այնուամենայնիվ, կփորձենք տարբեր ֆորմատներում քննարկվող օրակարգերը չխառնել մեկը մյուսին: Կարծում եմ՝ այո, Բրյուսելում քննարկվող հարցերից մեկը կլինեն հումանիտար հարցերը, այդ թվում գերիների հետ կապված հարցերը: Եվ ընդհանուր Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում մեր հարաբերությունների և փոխհարաբերությունների հարցերը կքննարկվեն: Նաև ընդհանուր կոնտեքստային քննարկում կլինի: Եվ ես չեմ կարծում, թե ճիշտ է ձևավորել ակնկալիք՝ ամեն կոնկրետ հանդիպումից՝ կամ նեգատիվ, կամ պոզիտիվ, այդպիսի արագ արդյունքների ակնկալիք պետք չէ ձևավորել»,-ասաց Փաշինյանը:

Տարածաշրջանում կա լարվածություն, և այդ լարվածությունը հաղթահարելու համար Փաշինյանը կարևորեց բանակցելը, բանակցությունների հնարավորություններն օգտագործելը: Վարչապետը կարևորեց նաև, որ ՀՀ-ի ներսում և դրսում չստեղծվեն այդ բանակցությունների շուրջ գերագնահատված լուծումներ կամ փորձ արվի դրա շուրջ ապոկալիպտիկ տրամադրություններ ստեղծել:

Վարչապետը հիշեցրեց, որ նոյեմբերի 26-ին նաև ՌԴ նախագահի միջնորդությամբ Սոչիում տեղի է ունենալու հանդիպում: «Ընդ որում, այդ հանդիպման շուրջ խոսակցությունները երեկ չեն սկսվել, դրանք ավելի վաղ սկսած խոսակցություններ են: Այսպիսի հանդիպումների, պայմանավորվածությունների մասին լուրերը պետք է դրական արձագանք գտնեն»,- ասաց վարչապետը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում անցկացնել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:

Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Ադրբեջանը մինչև օրս չի վերադարձնում բոլոր հայ գերիներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում