Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի վարչապետի հետ

3 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 18-ին հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ (վարչապետ) Ակիլբեկ Ժապարովի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, մանրամասնելով, որ Ժապարովը Հայաստան է ժամանել նոյեմբերի 18-19-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

«Ողջունում եմ Ձեզ Հայաստանի մայրաքաղաքում: Ցանկանում եմ անձամբ շնորհավորել Ձեզ Ղրղզական Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հույս ունեմ և վստահ եմ, որ համատեղ աշխատանքով մեզ կհաջողվի շարունակել զարգացնել մեր երկրների միջև հարաբերությունները:

Իհարկե, մենք մասնակցում ենք ընդհանուր կազմակերպությունների աշխատանքներին. դա Եվրասիական տնտեսական միությունն է, Անկախ պետությունների համագործակցությունն է, մեր երկրները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են:

Եվ, անշուշտ, մեզ համար շատ կարևոր են, և մենք բարձր ենք գնահատում մեր երկկողմ հարաբերությունները: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի զարգացնել նաև այդ հարաբերությունները և հատկապես ակտիվացնել առևտրատնտեսական կապերը: Եվս մեկ անգամ շնորհավորում և ողջունում եմ Ձեզ»,- ողջունելով Ղրղզստանի վարչապետին՝ նշել է Նիկոլ Փաշինյանը:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Ղրղզստանի վարչապետն ասել է.

«Իհարկե, վերջին երկու տարում, համավարակի պայմաններում մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակն այդքան էլ ուրախալի չէր, բայց վերջին 6-9 ամսվա տեմպերը վկայում են, որ սկսում ենք վերստին աշխուժացնել դրանք: Սակայն ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը, այսպես ասած, չնչին է:

Կցանկանայի Ձեզ հետ քննարկել առևտրատնտեսական համագործակցությանը և Ձեր կողմից նշված կազմակերպություններում մեր փոխգործողությանը վերաբերող հարցեր՝ ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ ՀԱՊԿ-ում, որպեսզի կարողանանք միմյանց աջակցել թե՛դժվարին, և թե՛ լավ ժամանակներում»:

Զրուցակիցները քննարկել են հայ-ղրղզական հարաբերությունների օրակարգին և համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում