Հասարակական

Վարչապետը մանրամասներ հայտնեց տարածաշրջանային ապաշրջափակման հարցով բանակցություններից

3 րոպեի ընթերցում

Վարչապետը մանրամասներ հայտնեց տարածաշրջանային ապաշրջափակման հարցով բանակցություններից

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածաշրջանի կոմունիկացիաների բացման արդյունքում Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է Հայաստանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն ստանան Նախիջևանի հետ, իսկ Հայաստանը Ադրբեջանի տարածքով պետք է երկաթուղային հաղորդակցություն ստանա Իրանի և Ռուսաստանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Կառավարության հարցի ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին։

«Ըստ էության՝ եթե Ադրբեջանը Նախիջևանի հետ է հաղորդակցություն ստանում, ապա նաև Հայաստանի տարածքով ստանում է Թուրքիայի հետ հաղորդակցություն։ Այստեղ բալանսի խախտում ամենևին չկա։ Պարզվեց, որ Ադրբեջանը հաղորդակցության ուղիներ բացելով՝ նկատի ունի, օրինակ՝ հաղորդակցություն Գորիսի և Կապանի միջև Ադրբեջանի տարածքով։ Այստեղ խնդիրն այն է, որ մենք նման հաղորդակցություն ստանալու խնդիր չունենք, որովհետև դա մեզ համար տեխնիկական հարց է և մենք հիմա նաև նոր ճանապարհ ունենք՝ Երևան-Կապան, և առաջիկա ամիսներին մենք կունենանք այլընտրանքային ճանապարհներ Ճակատենի, Որոտանի, Բարձրավանի, Շուռնուխի համար, Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը»,- նշեց նա։

Ըստ վարչապետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ուսումնասիրել է դե-յուրե նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերը Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև սահմանազատում իրականացնելու մասին։

«Այդպիսի դե-յուրե փաստաթղթեր գոյություն ունեն, և որևէ այդպիսի փաստաթղթով խնդրո առարկա հատվածը Հայաստանի Հանրապետության տարածքում չի գտնվում։ Երբ մենք ասում ենք, որ երեկվա իրադարձությունների թատերաբեմը Հայաստանի Հանրապետության տարածքն էր, մենք դա գիտենք նույն կերպ, ինչպես գիտենք, որ Էյվազլին և Չայզամին Հայաստանի Հանրապետության տարածք չեն։ Հայաստանի Հանրապետությունը անկախություն հռչակել է Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության տարածքում, և միջազգային հանրությունը Հայաստանին ճանաչել է որպես այդպիսին։ Հետևաբար՝ այն սահմանագիծը, որը Խորհրդային Միության ժամանակ ունեցել է դե յուրե նշանակություն, հիմա էլ ունի դե յուրե նշանակություն միջազգայնորեն։ Սա է մեր ընկալումը և ռազմավարությունը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը չի ընդհատվել, այն ամենօրյա ռեժիմով է տեղի է ունենում։

«Այլ բան է, որ այս պահին կոնկրետ արդյունք հնարավոր չէ արձանագրել։ Երեք տարբեր հարցերը՝ տարածաշրջանային կոմունիկացիաները, դելիմիտացիան և դեմարկացիան ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը տարբեր հարցեր են և այդ հարցերի քննարկման բովանդակությունը և բանաձևերը տարբեր են, ինչքան էլ որ դրանք իրար հետ առնչություն ունեն համատեքստի առումով»,- եզրափակեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում